Մատչելիության հղումներ

Սահմանազատմամբ Կիրանցից 4 շինություն, տասնյակ վարելահողեր են Ադրբեջանին անցնում


Սահմանապահը Կիրանցի մատույցներում, մայիս, 2024թ.
Սահմանապահը Կիրանցի մատույցներում, մայիս, 2024թ.

Կիրանցի տներից մեկն ու հարևանությամբ գտնվող վագոն-տնակն այլևս իրենց տեղում չեն. վագոն-տնակը գյուղի մյուս ծայր են տեղափոխել, իսկ Կիրանց բերող ճանապարհի առաջին՝ Մհեր Սիմոնյանի տունը հիմնովին քանդվել է, նա ավելի վաղ էր հայտնել սեփականության վկայականով իրեն պատկանող շինությունը հողին հավասարեցնելու մտադրության մասին։ Ընտանիքը բարեկամների հարկի տակ է տեղավորվել, մինչ նոր տուն կառուցեն։ Տեսախցիկի առջև ընտանիքի անդամները խոսել չցանկացան, բայց պատմեցին՝ ուզում են գյուղի մյուս ծայրում տուն կառուցել։

Թե ի վերջո պետությունը կիրանցեցիներին ինչ սկզբունքով ու ինչ ծավալի փոխհատուցում է տրամադրել, չի հանրայնացվում։ Գործընթացն իրականացվում է Կառավարության ընդունած մի որոշման հիմքով, որը չեն գաղտնազերծում:

«Դա գաղտնի որոշում ա, գաղտնի որոշումները չեն հրապարակվում: Ինչո՞ւ ա որոշումը գաղտնի՝ որովհետև ինքը պետական սահմանի սահմանազատման հետ կապված հարցեր են», - մոտ մեկ ամիս առաջ «Ազատության» հետ զրույցում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սահմանազատման հետևանքով Կիրանցում չորս շինություն է ադրբեջանական կողմն անցնում, եթե շաբաթներ առաջ տարածքում ակտիվ շարժ էր, բնակիչները հավաքվում զրուցում էին, այժմ տեղում միայն ծառայություն իրականացնող ուժայիններին նկատեցինք, ընդ որում՝ այդ վայրում նկարահանում անել «Ազատությանը» չթույլատրեցին։ Կիրանցում ունեցած տարբեր զրույցների համաձայն՝ կադաստրի վկայական ունեցող շինությունների համար տասնյակ հազարավոր դոլարներ են վճարվում։ Դրանցից զատ, սակայն, սահմանի այն կողմում է հայտնվել հինգ տասնյակ այլ սեփականություն նույնպես՝ բնակիչների վարելահողերը, որոնց հասանելիություն գյուղացիներն այլևս չունեն:

«Ադրբեջանն ա՞ տվել մեր կադաստրի դակումենտը, Հայաստանն ա տվել, չէ՞, Հայաստանի Հանրապետությանն ա չէ՞ էդ դակումենտը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց տունը կորցրած Մհեր Սիմոնյանի հորեղբայրը՝ Աբգար Սիմոնյանը:

Հողակտորներից մեկը նրան է պատկանում։ 8 հազար քառակուսի մետր ցորենի դաշտի կեսն է այն կողմում հայտնվել, չի պատկերացնում, թե այս դեպքում մյուս կեսն ինչպես են օգտագործելու: Տղամարդը փոխհատուցմանը համաձայնել է, ասում է՝ մոտ 12.5 միլիոն դրամ են առաջարկում, բայց ընտանիքում տարաձայնություն կա, որդին դեմ է. - «Հա, ասել եմ, բայց իմ տղեն չի ուզում, իմ տղեն ասում ա՝ «հարամ փող ա, ես չեմ ուզում»: Իմ անունով ա, բայց իմ տղեն էլ ա դակումենտով ինձ հետ, էլի»։

Գյուղատնտեսական hողերի մեկ քառակուսի մետրի համար 3 հազար դրամ են առաջարկում, եթե այն տնամերձ է՝ 5 հազար դրամ, պատմում է Աղվան Նազարյանը: Նա փոխհատուցման առաջարկը չի ընդունել. - «Ցածր ա արժեքը տվել, երեք-չորս կիլոգրամ պոմիդորի արժեք է տալի, պտի ինչ-որ տեղ մի քիչ համապատասխանի՝ էս մարդու ձեռից էդ հողը վեկալում ա, նրա սնողը էս հողն էր, էս ժողովրդին»:

9 հազար քառակուսի մետր հողակտոր ունեցող Աղվան Նազարյանն ընդգծում է՝ գյուղացիները հենց այդ հողերը մշակելով են ապրել, ինքն, օրինակ, ցորեն էր աճեցնում, թե ինչ է անելու հետո, գաղափար անգամ չունի. - «Տարեկան 4 տոննա, 5 տոննա ցորեն եմ վերցրել, խոզ եմ պահել, անասուն եմ պահել, հավ եմ պահել, վերջը, 1 տոննա էլ ծախել եմ՝ իմ արած աշխատանքը ոնց որ էկել ա նորմալացել ա, մի բան էլ օգուտ ենք արել: Հիմա որ վերցնում ա մեր ձեռքից, ես էլ մշակելու հող չունեմ, ի՞նչ պտի մշակեմ, որ ապրի իմ էրեխեն: Ստեղ մնալով, էսքան ամեն ինչ բան անելով, վերջը ի՞նչ կլնի սրա հետ, չեմ հասկանում»:

Փաստացի այսօրվա փոխարժեքով կիրանցեցիներին 7.5 -ից 12.8 դոլար են առաջարկում մեկ քառակուսի մետրի համար։ Ինչպե՞ս է Կառավարությունը հաշվարկել փոխհատուցման չափը։ Տավուշում հիմա տարբեր գներով են հողակտորներ վաճառվում։ Հարևան Սևքարում այժմ տնամերձ հող են վաճառում մեկ քառակուսին 14 դոլարով՝ սա ավելի բարձր է, քան Կիրանցում են տրամադրում։ Զուտ գյուղատնտեսական նշանակության հողակտորների արժեքներն էլ տարբեր են, Իջևանում, օրինակ, դրանց գինն ավելի ցածր է։

Ադրբեջանական կողմում է հայտնվում նաև Կիրանց բերող ճանապարհի կամրջի հատվածը, այժմ լայն թափով շարունակվում է շրջանցող ճանապարհի շինարարությունը, տեխնիկան աշխատում է տարբեր հատվածներում։ Նոր կառուցվող հատվածը սահմանագծի կողքին է լինելու։ Կիրանցում սահմանազատման գործընթացն ըստ էության այս շինարարությունից հետո ամբողջությամբ կավարտվի, թե դրա ավարտին ադրբեջանցի սահմանապահները կառաջանա՞ն դեպի սահմանագիծ, կոնկրետ ինչպե՞ս կտեղակայվեն, դեռ պարզ չէ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG