Մատչելիության հղումներ

Կիրանցեցիներին տրամադրվելիք փոխհատուցման մանրամասները չեն բացահայտվում


Կիրանց, մայիս, 2024.
Կիրանց, մայիս, 2024.

«Դա գաղտնի որոշում ա, գաղտնի որոշումները չեն հրապարակվում: Ինչու ա որոշումը գաղտնի՝ որովհետև ինքը պետական սահմանի սահմանազատման և սահմանազատման հետ կապված հարցեր են», - մեկ շաբաթ առաջ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն այս հիմնավորմամբ մի քանի շաբաթ է չի բացահայտում, թե սահմանազատումից հետո սեփական գույքից զրկվող Կիրանցի քանի բնակչի է փոխհատուցում տրամադրվում, ինչ գումարների մասին է խոսքը, ու այդ ինչ դիմում են նրանց ստորագրել տալիս, որով փոխհատուցման գումարը ստանալուց հետո կիրանցեցիներն այլևս չեն կարող պետությանն այս հարցով որևէ այլ պահանջ ներկայացնել։

Այս հարցերն այսօր էլ «Ազատություն»-ն ուղղեց գործադիրին, պատասխանեցին, թե որոշումը գաղտնի է՝ առանց հավելյալ մանրամասների։

Հայտնի է միայն, որ այդ որոշումը Կառավարությունն ընդունել է մայիսի 20-ին՝ Տավուշում հատվածական սահմանազատման ավարտից հինգ օր անց։ Մայիսի 29-ին արդեն խորհրդարանում վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում, սահմանազատումից բացի, որոշումը գաղտնի պահելու մեկ այլ փաստարկ էլ բերեց. - «Դուք չպետք ա վստահ լինեք, թե գիտեք ինչ ա տեղի ունենում փոխհատուցման կամ աջակցության ծրագրերով, որովհետև էդ ծրագրերը իրականացվում են գաղտնի որոշումներով, և որոշումները գաղտնի են, որովհետև դրանք պարունակում են անհատական տվյալներ»:

Օրեր առաջ կիրանցեցիներից մեկն «Ազատությանն» էր տրամադրել իշխանությունների կողմից իրենց տրված դիմումի մի օրինակ, որում հղում է արվում մայիսի 20-ին Կառավարության ընդունած գաղտնի որոշմանը։ Ըստ դրա՝ ստորագրողը խնդրում է իր գույքի դիմաց փոխհատուցում տրամադրել և հաստատում է, որ փոխհատուցումը ստանալու դեպքում հրաժարվելու է բոլոր գույքային և ոչ-գույքային պահանջներից Հայաստանի նկատմամբ։ Ձևաթղթում փոխհատուցման չափի մասին որևէ բառ չկա։

Միջազգային դատարաններում քաղաքացիների իրավունքները ներկայացնող փաստաբան Արա Ղազարյանը սա խնդրահարույց է համարում:

«Ես քաղաքացիներին կառաջարկեի չստորագրել այս փաստաթուղթը, մինչև Կառավարության հետ վերջնական չորոշվի, թե որքան գումար են նրանց տրամադրում։ Այսինքն՝ այստեղ կողմերը փոխադարձ համաձայնությամբ պետք է որոշեն գումարի չափը, այլ ոչ թե Կառավարությունը հանդես գա այսպես կոչված միակողմանի հայտարարությամբ կամ միակողմանիորեն հարց լուծի։ Պայմանագիրը պետք է լինի ծավալուն, ոչ թե, ասենք, երկու-երեք նախադասություն, ինչպես այստեղ նշված է, կամ էլ այդ ձևաթուղթը պետք է պայմանագրի հավելված լինի», - ընդգծեց փաստաբանը՝ մանրամասնելով. - «Այսինքն՝ դա պետք է լինի պայմանագիր, որտեղ պետք է նշված լինեն բոլոր պայմանները, այդ թվում նաև՝ դատական պաշտպանության հնարավորությունը, ինչ է նշանակում համարժեք փոխհատուցում, մանրամասն, թե ինչն է փոխհատուցվում: Պետք է որ այդ գործընթացը լինի, չի կարող միայն բավարարվի այս կես էջանոց փաստաթղթով»:

Կիրանցի բնակիչներից մեկն, ի դեպ, անունը չհայտնելու պայմանով այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ այս դիմումից բացի այլ փաստաթուղթ, օրինակ՝ պայմանագիր, իրենց դեռ չեն տրամադրել։

«Ձևաթուղթը, որ ես կարդացի, այն տպավորությունն է, որ քաղաքացին սկզբում իր վրա վերցնում է պարտավորություն հետագայում գումարային պահանջ՝ հատուցման, փոխհատուցման, չներկայացնել, բայց դեռ քաղաքացին չգիտի, թե որքան գումար պետք է իրեն տրամադրի Կառավարությունը։ Առաջին տպավորությունս սա է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Գործադիրը գաղտնի է պահում ոչ միայն փոխհատուցման չափը, այլ նաև սեփականատերերի քանակը, գործընթացի մանրամասները՝ մինչև այսօր քանիսն են համաձայնել, քանիսն են հրժարվել Կառավարության առաջարկից: «Ազատության» այս հարցերին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր հրաժարվեց պատասխանել՝ վկայակոչելով նույն մայիսի 20-ի գաղտնի որոշումը: Կիրանցեցիները ևս հակված չեն բաց խոսելու փոխհատուցումը ստանալ-չստանալու, դրա չափի մասին:

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը խոստացել է, որ քաղաքացիների իրավունքները չեն խախտի, փոխհատուցումն էլ նրանց սրտով կլինի: «Ե՛վ պետությունը, և՛ օրենսդրությունը նման մեխանիզմներ նախատեսում է, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի քաղաքացիների իրավունքները մաքսիմալ պահպանվեն և պաշտպանվեն», - ասել է պետության ղեկավարը «Ազատությանը» տված հարցազրույցում:

Փաստաբան Արա Ղազարյանն ընդգծում է՝ որպեսզի չխախտվեն հողից, տնից զրկվող քաղաքացիների իրավունքները, նրանց հետ պետք է աշխատեն իրավաբաններ, կնքեն պահմանագրեր, որոնք և կամրագրեն նրանց իրավունքները։

Կիրանցեցիները, սակայն, «Ազատությանը» փոխանցեցին՝ դեռևս որևէ իրավաբան իրենց մոտ չի եկել։ Գյուղացիների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 54 հողակտոր է սահմանազատման հետևանքով անցնում Ադրբեջանին։ Դրանք պատկանում են ավելի քան 30 մարդու։ Ըստ որոշ գյուղացիների՝ այս գործընթացը պետք է ավարտվի մինչև հուլիսի 24-ը, այսինքն՝ այն ժամկետը, երբ Ազգային անվտանգության ծառայությունը կավարտի այսպես կոչված անցումային հսկողությունը Կիրանցի հատվածում, այսինքն՝ սահմանի պահպանությունն ամբողջությամբ Զինված ուժերից կանցնի Սահմանապահ զորքերին։

XS
SM
MD
LG