Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին 9 տարվա ազատազրկման դատապարտվեց


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց բյուջեի միջոցներն ռանձնապես խոշոր չափերով յուրացնելու համար։

Թբիլիսիի դատարանը Հատուկ անվտանգության ծառայության նախկին պետ Թեյմուրազ Ջանաշիային էլ մեղավոր ճանաչեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և տուգանեց 300 հազար լարիով։

Սաակաշվիլին և Ջանաշիան նախկինում բազմիցս հերքել են մեղադրանքները՝ նշելով, թե դատավարությունը քաղաքական բնույթ ունի։

Դատարանն ընթերցում է սաակաշվիլիի գործով վճիռը, 12-ը մարտի, 2025թ․
Դատարանն ընթերցում է սաակաշվիլիի գործով վճիռը, 12-ը մարտի, 2025թ․


Ըստ դատախազության՝ 2009-ի մայիսի 1-ից մինչև 2013-ի փետրվարի 25-ը Սաակաշվիլիի հանձնարարությամբ և կազմակերպմամբ պետական բյուջեից նրա անձնական նպատակների համար ծախսվել է շուրջ 9 միլիոն լարի (այն ժամանակ մոտ 5,4 միլիոն դոլար)։

Սաակաշվիլին ներկայումս երկու այլ գործերով վեց տարվա ազատազրկման է դատապարտված։ Դատարանը Վրաստանը 9 տարի ղեկավարած Սաակաշվիլիին մեղավոր էր ճանաչել սպանության համար ազատազրկման դատապարտված ոստիկանության նախկին աշխատակիցներին համաներում շնորհելու, ինչպես նաև նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։

Վրացական դատարանը 2018-ին պնդել էր, որ Սաակաշվիլին ծանր հանցագործությունների համար դատապարտված ոստիկաններին ներում շնորհելով գերազանցել է իր լիազորությունները։

Ազատազրկման նոր ժամկետը կհաշվարկվի Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության պահից՝ 2021-ի հոկտեմբերի 1-ից և նա ազատ կարձակվի 2030-ի հոկտեմբերի 1-ին։

Վրաստանի նախկին նախագահի նկատմամբ երկու դատական գործեր էլ դեռ ընթացքի մեջ են՝ 2007-ի ընդդիմության ցույցը ցրելու և սահմանն ապօրինի հատելու վերաբերյալ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG