Մատչելիության հղումներ

«Սա հարկադրված որոշում էր». Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները


«Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում», - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի խախտումներով

«Հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում հայտարարեցի իմ պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին: Սա հարկադրված որոշում էր: Միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի: Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորություններն սպառված են», -նշել է Ռուբեն Վարդանյանը:

Նա նշել է, որ իրեն այդպես էլ չի թույլատրվել ծանոթանալ գործի նյութերին և մեղադրական եզրակացությանը:

«Ինձ դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել: Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ ՝ դատական նիստերին պատրաստվելու համար, հասանելիություն չեմ ստացել ձայնա և տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իմ մեղքի ապացույց»:

Ընդգծելով, որ իր բոլոր միջնորդություններն անտեսվել են քննչական մարմինների և դատարանի կողմից, Ռուբեն Վարդանյանը նշել է. «Պաշտպանի կարևոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, նույնպես մնացել են անպատասխան»:

Վարդանյանն ընդգծել է, որ պաշտպանից հրաժարվելու մյուս պատճառը դատարանի մերժումն էր հրավիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները և հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը:

«Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը, անկախ նրա ցանկությունից և ջանքերից, սահմանափակվում է միայն այս գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ: Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին» - նշել է նա:

Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու համար։

Բաքուն Արցախի նախկին պետնախարարին մեղադրում է նաև արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու, կամ ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է ձևակերպել` «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։ Հայաստանում կամ Արցախում որևէ ռազմական գործողության չմասնակցած նախկին պետնախարարին մինչև ցմահ ազատազրկում է սպառնում:

XS
SM
MD
LG