Մատչելիության հղումներ

Politico. Lukoil-ը ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառով փլուզման եզրին է

Լրացված

Ուկրաինա - Ռուսական զորքերը Սումիում բնակելի շենքի են հարվածել, 31-ը հոկտեմբերի, 2025թ.
Ուկրաինա - Ռուսական զորքերը Սումիում բնակելի շենքի են հարվածել, 31-ը հոկտեմբերի, 2025թ.

Ռուսաստանը գիշերը բազմաթիվ հարվածներ է հասցրել Ուկրաինայի Սումի քաղաքին՝ թիրախավորելով բազմահարկ բնակելի շենք, տներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Կա 11 վիրավոր, այդ թվում՝ չորս երեխա: Խերսոնում ռուսական հարվածներից զոհվել է մեկ, վիրավորվել` չորս մարդ: Ռուսական զորքը հարվածել է նաև Դնեպրին, հայտնել, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Դնեպրոպետրովսկում:

Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում հայտնել է, որ ռուսական զինուժը երեկ անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով դիտավորյալ այնպիսի ինտենսիվ հարվածներ է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքներին, որպեսզի ուկրաինական կողմը չկարողանա որսալ բոլոր հարվածները: Նրա փոխանցմամբ՝ Սլավյանսկի ՋԷԿ-ում ռուսական հարվածներից երկու աշխատող է սպանվել:

«Սա ուղղակի ահաբեկչություն է։ Նորմալ մարդիկ այս կերպ պատերազմ չեն վարում: Աշխարհը պետք է համարժեք արձագանքի ռուսական ռազմական գործողություններին», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Ռուսաստանի մի շարք շրջանների՝ թիրախավորելով էներգետիկ ենթակառուցվածքներ: Վոլգոգրադի օդանավակայանն աշխատել է սահմանափակումներով: Լիպեցկի մարզի հարավային շրջաններում անօդաչու թռչող սարքերի պատճառով հայտարարվել է տագնապի կարմիր մակարդակ։ Ուկրաինական զինուժը հայտնել է, որ տարվա սկզբից Ռուսաստանի նավթային և էներգետիկ շուրջ 160 օբյեկտի է հարվածել:

Արդեն մի քանի օր իրադրությունը շարունակում է լարված մնալ ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքի շուրջ, որտեղ Ռուսաստանը մեծ ուժեր է կուտակել և փորձում է գրավել: Ըստ ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Կովալենկոյի՝ ռուսական զինուժն անընդհատ փոքր դիվերսիոն խմբեր է ուղարկում, որոնց նպատակն է ներթափանցել քաղաք: Վերլուծաբանի կարծիքով՝ Պոկրովսկում իրավիճակն «անշրջելի չէ»:

«Պոկրովսկում իրավիճակն իսկապես շատ բարդ է և շատ դժվար, բայց այն փուլում չէ, որ այս խնդիրը հնարավոր չլինի լուծել։ Այսինքն՝ իրավիճակը կայունացնելը լիովին հնարավոր է», - ասել է Կովալենկոն:

Չնայած պատժամիջոցների միջոցով դեռ չի հաջողվում Ռուսաստանին ստիպել հրադադար հաստատել, Ուկրաինայի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներն արդեն արդյունք են տալիս ու եթե խստացվեն, Մոսկվան ավելի շատ կորուստներ կկրի և պատերազմը ֆինանսավորելու ավելի քիչ հնարավորություն կունենա: Ըստ նրա՝ հաջորդ տարի վնասները կհասնեն մոտ 50 մլրդ դոլարի, իսկ դա լուրջ պատճառ է, որ Ռուսաստանը դադարեցնի պատերազմը:

Politico-ն գրում է, որ ռուսական նավթավերամշակող խոշորագույն ընկերություններից Lukoil-ը ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառով փլուզման եզրին է: Ընկերության աղբյուրներն ամերիկյան պարբերականին ասել են, որ նավթային հսկայի եկամուտը կարող է նվազել 30 տոկոսով, քանզի ընկերությունը ստիպված է վաճառել նավթավերամշակման երեք գործարան և 5 հազար լցակայանների մոտ կեսը:

Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարն այսօր հայտնել է, որ 2023-ի ամռանը ուկրաինական զինուժը ոչնչացրել է «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռներից մեկը՝ հենց Ռուսաստանի տարածքում: Սակայն, ըստ Վասիլ Մալյուկի, դրա մասին չեն հայտարարել այդ ժամանակ, քանզի որ «Օրեշնիկ» անունն այդքան հայտնի չէր, Ռուսաստանն էլ չէր սպառնում դրանով:

«Այն 100 տոկոսով ոչնչացվել է, շատ հաջող գործողություն էր, բայց այդ ժամանակ դրա մասին չհայտարարվեց: Զեկուցվել է բացառապես գերագույն գլխավոր հրամանատարին՝ Ուկրաինայի նախագահին, նաև մի քանի երկրի նախագահներ են իմացել դրա մասին», - հայտարարել է Մալյուկը:

Obsidian Risk Advisors խորհրդատվական ընկերության փորձագետ Բրեթ Էրիքսոնը Bloomberg-ին ասել է, թե ԱՄՆ նախագահը կողմ չէ պատժամիջոցների խստացմանը: Ըստ նրա՝ դրա վկայությունն է այն, որ Չինաստանի ղեկավարի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը չպահանջեց հրաժարվել ռուսական նավթից և փաստացի նախընտրում է կայունացնել Պեկինի հետ հարաբերությունները:

«Եթե Թրամփը չի բարձրացնում ռուսական նավթը չգնելու հարցը Սի Ծինփինի հետ, դա խարխլում է պատժամիջոցների ամբողջ հայեցակարգը. չի կարելի պնդել, որ Վաշինգտոնը, անտեսելով ռուսական նավթի խոշորագույն գնորդներից մեկին, խիստ է վարվում Մոսկվայի նկատմամբ», - ընդգծել է Էրիքսոնը:

Reuters-ը գրում է, որ վերջին ամիսներին Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակումների ժամանակ կիրառել է 9M729 Novator թևավոր հրթիռներ, որոնց գաղտնի մշակման պատճառով Թրամփն իր առաջին պաշտոնավարման ժամանակ դուրս եկավ միջին և փոքր հեռահարության միջուկային հրթիռների վերացման մասին ռուս-ամերիկյան պայմանագրից:

Այս ֆոնին ԱՄՆ փոխնախագահն անդրադարձել է միջուկային զենքերի փորձարկումները վերսկսելու նախագահ Թրամփի հանձնարարականին՝ պարզաբանելով, որ դրանք անհրաժեշտ են՝ համոզվելու համար, որ երկրի միջուկային զենքերը սարքին վիճակում են:

«ԱՄՆ ազգային անվտանգության համար կարևոր է վստահ լինել, որ մեր միջուկային զինանոցն իսկապես սարքին է ... Մենք գիտենք, որ այն սարքին է, բայց դա պետք է ժամանակ առ ժամանակ փորձարկվի, և նախագահը պարզապես ուզում է համոզվել, որ անում ենք դա», - հայտարարել է Ջեյ Դի Վենսը:

Financial Times-ը, իր աղբյուրներին հղումով, նոր մանրամասներ է ներկայացրել Բուդապեշտում նախատեսված Պուտին-Թրամփ հանդիպման չեղարկման մասին: Ըստ թերթի՝ այն չեղարկվել է, երբ Ռուսաստանի արտգործնախարարությունն ամերիկյան կողմին է փոխանցել փաստաթուղթ, որում վերահաստատել է Մոսկվայի պահանջները՝ նշելով, որ դրանք սակարկելի չեն:

Մասնավորապես, Մոսկվան պահանջել է, որ վերացվեն հակամարտության «հիմնապատճառները», Կիևը տարածքային զիջումներ անի, Դոնբասն ամբողջությամբ հանձնի Ռուսաստանին, կրճատի զինված ուժերի թվաքանակը և երաշխավորի, որ չի միանա ՆԱՏՕ-ին։ Թերթի աղբյուրը նշել է, որ նախագահ Թրամփին դուր չի եկել Ռուսաստանի դիրքորոշումը:

Հրապարակումը մեկնաբանելու Reuters-ի խնդրանքին ի պատասխան՝ Կրեմլի խոսնակը հորդորել է հետևել երկու երկրների արտգործնախարարությունների, ոչ թե մամուլի հրապարակումներին:






XS
SM
MD
LG