Մատչելիության հղումներ

Ուկրաինան օգտագործում է տեղական արտադրության հրթիռներ, Զելենսկին հանձնարարել է ընդլայնել հարվածների շառավիղը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերի ցուցահանդեսում, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերի ցուցահանդեսում, արխիվ

Ուկրաինան տեղական արտադրության Ruta և Flamingo մեծ հեռահարության հրթիռներ է կիրառել ռուսական թիրախներին հարվածելու համար, հայտնել է Ուկրաինայի նախագահը: Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ամեն ինչ կանեն, որպեսզի ավելի շատ արտադրեն այս հրթիռներից, որոնք արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը:

Երեկոյան ուղերձում էլ Զելենսկին հայտնել է, որ բանակին հանձնարարել է ընդլայնել Ռուսաստանի խորքերին հեռահար հարվածների շառավիղը։ Ըստ նրա՝ ուկրաինական զինուժի ճշգրիտ հարվածներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կօգնեն, որ պատերազմն ավարտվի Ուկրաինայի համար արդար պայմաններով, նաև անվտանգության երաշխիք կլինեն հիմա և պատերազմից հետո:

«Ուկրաինան միշտ պետք է ունենա և կունենա բավարար հեռահար կարողություններ ... Դրանք անկախության անբաժանելի բաղադրիչն են և խաղաղությունն ապահովելու ամենակարևոր գործոնը կլինեն», - հայտարարել է Զելենսկին:

Այս ընթացքում շարունակվում են թեժ մարտերը Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի համար, որտեղ երեկվանից ռուսական որոշ ստորաբաժանումներ են ներթափանցել: Լոգիստիկ այս հանգույցի մոտ, ըստ ուկրաինական կողմի, Ռուսաստանը մեծ զորքեր է կուտակել:

Ռուսական անօդաչուի հարվածից գերմանական Welt հեռուստաընկերության լրագրողներ են վիրավորվել: Թե առաջնագծի կոնկրետ որ հատվածում, չի հաղորդվում:

Ուկրաինական զինուժի հարվածներից զգալիորեն վնասվել է Բելգորոդի ջրամբարի ամբարտակը՝ առաջացնելով ջրի անվերահսկելի արտահոսք դեպի Սևերսկի Դոնեց գետ, որը ռազմաճակատի շատ հատվածներում ռուսական և ուկրաինական զորքերի դիրքերի միջև բնական արգելապատնեշ է
ծառայում:

Ուկրաինական DeepState նախագծի տվյալներով՝ ռուսական զինուժը շարունակում է առաջխաղացումը նաև Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում։

Մարտադաշտում առաջխաղացմանը զուգահեռ՝ Ռուսաստանն առաջարկում է շարունակել ԱՄՆ-ի հետ տարվող դիվանագիտական աշխատանքը: Նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան դեռ հետաքրքրված է առաջնորդների հանդիպում անցկացնել, որի չեղարկման մասին անցած շաբաթ հայտարարեց Դոնալդ Թրամփը:

«Դեռ կոնկրետ ուղեցույցներ չկան, բայց հանդիպում անցկացնելու սկզբունքային պատրաստակամությունը մնում է, եթե փորձագետներն այն նախապես պատրաստեն», - ասել է Վլադիմիր Պուտինի օգնականը:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը, անկախ նրանից՝ ով է դա անում և ինչ ինտենսիվությամբ, ոչ մի արդյունք չի տա ուկրաինական խնդրի կարգավորման հարցում։ Նման մարտավարությունը Ռուսաստանի դեպքում չի աշխատում, վստահեցրել է Մարիա Զախարովան:

«Ճնշումն անօգուտ է և անարդյունավետ, պետք է փնտրել այլ մեթոդներ: Եվ ամենակարևորն այն է, որ մենք բաց ենք տարբեր խնդիրներն ու հակամարտությունները քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու տարբերակի համար», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Կրեմլի խոսնակը Կիևին է մեղադրել բանակցային գործընթացում առկա դադարի համար՝ նշելով, որ Մոսկվայի առաջ քաշած բոլոր հարցերը մնացել են անպատասխան։ Դմիտրի Պեսկովն ասել է՝ առաջնագծում ուկրաինական կողմից այլազգի կռվողներ կան, և ռուսական արտաքին հետախուզությունը ռադիոյով մշտապես լսում է նրանց: Պեսկովը խոստացել է՝ ռուսական զորքը «կոչնչացնի» բոլորին:

«Այսինքն՝ այդ օտարերկրացիներն այնտեղ են, և մենք ոչնչացնում ենք նրանց։ Մեր զինվորականները կշարունակեն կատարել իրենց աշխատանքը», - հայտարարել է Կրեմլի խոսնակը:

Ու մինչ Մոսկվան սպառնում է, ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում մարդկության դեմ նոր հանցագործություն կատարելու մեջ: Հանձնաժողովի հետաքննական նոր զեկույցում նշվում է, որ ռուսական ուժերն անօդաչուներով ահաբեկել են առաջնագծին մոտ ուկրաինական շրջանների բնակիչներին, ստիպել, որ լքեն իրենց տները, ապա հետապնդել են և հարվածել, երբ վերջիններս փորձել են ապաստան գտնել։ Հանձնաժողովի նախագահ Էրիկ Մոսեն ասել է, որ զեկույցը վերաբերում է Դնեպրոպետրովսկի, Խերսոնի և Նիկոլաևի մարզերին:

«Այս զեկույցում մենք պարզել ենք, որ քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ այս հարձակումները համարվում են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ թե՛ սպանության, թե՛ բնակչության բռնի տեղահանման առումով», - նշել է ՄԱԿ-ի հանձնաժոովի նախագահը:

Ռուսական էներգակիրներից մեծ կախում ունեցող Հունգարիային լրջորեն մտահոգել են Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի նկատմամբ պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը բազմաթիվ զգուշացումներից հետո սահմանեց անցած շաբաթ՝ ի պատասխան Ուկրաինայում հրադադարի հարցում առաջընթաց չգրանցելու: Վարչապետ Վիկտոր Օրբանն իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահը սխալ է վարվել, ապա հավելել՝ Վաշինգտոն է մեկնելու, որպեսզի համոզի Թրամփին չեղարկել պատժամիջոցները, որոնք, ըստ նրա, բացասաբար կազդեն Հունգարիայի տնտեսության վրա:

«Հունգարիան մեծապես կախված է ռուսական նավթից և գազից։ Առանց դրանց էներգակիրների գները կտրուկ կբարձրանային, ինչը մեր պաշարների պակաս կառաջացնի», - ասել է Օրբանը:

«Լուկօյլ»-ը հայտարարել է, որ պատժամիջոցների պատճառով նախատեսում է վաճառել իր արտասահմանյան ակտիվները: Գերմանիան էլ հայտնել է՝ ԱՄՆ-ից երաշխիք է ստացել, որ պատժամիջոցները չեն տարածվի «Ռոսնեֆտ»-ի գերմանական բիզնեսի վրա։

Bloomberg-ը հնդկական նավթավերամշակման ոլորտի աղբյուրներին հղումով հայտնում է, որ Հնդկաստանը հետևում է այս ընկերություններից նավթ չգնելու արգելքին, սակայն փորձում է հասկանալ, թե որքան նավթ կարող է գնել ռուսական այլ մատակարարներից, որոնք պատժամիջոցների տակ չեն:

Կրեմլի խոսնակն ասել է, որ ցանկացած երկիր հետաքրքրված է հնարավորինս շատ, բարձրորակ ու էժան էներգակիրներ գնել, իսկ ռուսականներն այս առումով շատ մրցունակ են։ Հենց դրա համար էլ, ըստ Պեսկովի, շատերն են հետաքրքրված ռուսական էներգակիրներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG