Այս գիշեր Կիևին անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով ռուսների հասցրած հարվածների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, հաղորդել է Ուկրաինայի մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն:
Ուկրաինայի իշխանությունների վկայությամբ՝ գիշերը արձակվել է երեք հրթիռ և 135 անօդաչու թռչող սարք, երկրի հակաօդային պաշտպանության ուժերը չեզոքացրել են երկու հրթիռ և 41 անօդաչու:
Նախորդ գիշեր է՛լ ավելի ինտենսիվ հարձակում էր տեղի ունեցել՝ 430 անօդաչուներով և 18 հրթիռներով, զոհվել էր 6, վիրավորվել՝ առնվազն 35 մարդ:
Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ անցած 24 ժամերին ուկրաինական և ռուսական ուժերի միջև ռազմաճակատի գծի երկայնքով 265 բախում է տեղի ունեցել, որոնց մոտ կեսը՝ ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքը շրջապատող գյուղերում և շրջանում:
Ուկրաինայի ԶՈՒ գլխավր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երկու օր առաջ այցելել է Դոնեցկի տարածաշրջանի այդ քաղաքը պաշտպանող ստորաբաժանումներ: Նա հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր նպատակներն են վերականգնել որոշ շրջանների նկատմամբ վերահսկողությունը, պաշտպանել մատակարարումների և տարհանման ուղիները և ստեղծել նորերը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեմ չէ «շատ դժվարին» իրավիճակում Պոկրովսկից զորքերի դուրսբերմանը, բայց դա տեղում հրամանատարների որոշելիք հարց է:
«Ոչ ոք չի ստիպում նրանց մեռնել հանուն ավերակների: Ես կսատարեմ մեր զինվորներին, հատկապես հրամանատարներին, ովքեր այնտեղ են ... Ամենաթանկը մեզ համար մեր զինվորներն են», - ասել է Զելենսկին:
Այս շաբաթ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական ուժերը դուրս են մղել ուկրաինական զորքերին Պոկրովսկից հարավ գտնվող մերձակա բնակավայրերից:
Մոսկվան Պոկրովսկը ռազմավարական է համարում Դոնեցկի մարզի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած երկու խոշորագույն քաղաքների՝ Կրամատորսկի և Սլովյանսկի ուղղությամբ հետագա հարձակումների համար: