2025 թվականը շատ կարևոր տարի է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև իր 34-ամյա անկախության մեջ առաջին անգամ կարող ենք ասել, որ խաղաղություն է հաստատված։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշի ժամանակ:
Հայաստանի Հանրապետությունն իր պատմության մեջ առաջին անգամ ապրում է խաղաղության մեջ, ասել է վարչապետը, շարունակելով՝ սա մի երկար ճանապարհ է, որն անցել ենք՝ գուցե շատ հաճախ լսելով և չիմանալով, նայելով և չտեսնելով այն ճանապարհը, որն Աստված պատրաստել է մեր ժողովրդի և մեր պետության համար։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այն, ինչ վերաբերում է անհատին, նույնը վերաբերում է նաև պետությանը, և շատ էական է արձանագրել, տեսնել, կառուցել պետության կապն Աստծո հետ: Վարչապետն ընդգծել է աստվածաշնչային սկզբունքները քաղաքական գործունեության, պետական կառավարման մեջ ներդնելու կարևորությունը։
Խոսելով պետական պաշտոնյաների բարեվարքության մասին՝ Փաշինյանը նշել է. - «Բարեվարքությունը բարեփոխումների թեմա է, բարեվարքությունը կարգավորումների, փոխզսպումների և հակակշիռների թեմա է, բայց հնարավոր չէ բարեվարքություն առանց Աստծո ներկայության, հնարավոր չէ բարեվարքություն առանց Աստծո խոսքի»:
Անդրադառնալով Միացյալ Նահանգների Աղոթքի նախաճաշին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության գործընթացը երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է։ Ըստ վարչապետի՝ սա թերևս ինչ-որ հոգևոր նշանակություն և իմաստ ունի:
«Երեկվա և այսօրվա անցկացրած ժամերն այս ձևաչափում շատ մեծ հոգևոր լիցք և էներգիա են տալիս փորձելու շարունակել այն ճանապարհը կամ վերստուգելուց, համոզվելուց հետո փորձելու հավատարիմ լինել այդ ճանապարհին, և համոզված լինել, որ բոլորս՝ ես, մեր Կառավարությունը, մեր պետությունը, կառավարող թիմը, ընդհանրապես մեր երկրի բոլոր քաղաքացիները քայլում ենք այն ճանապարհով, որով մեզ առաջնորդում է Աստված: Եվ կարծում եմ՝ հենց խաղաղության ճանապարհն այն ճանապարհն է, որով մեզ առաջնորդում է Աստված», - հայտարարել է վարչապետը՝ իր խոսքն ամփոփելով 31-րդ սաղմոսով, փոխանցում է Կառավարության լրատվականը: