Ռուսաստանն աշխատանքային միգրանտների դեմ դրակոնյան մեթոդներով է պայքարում, տարեսկզբից 2 նոր խստացնող օրենք է ուժի մեջ մտել: Եթե նախկինում առանց վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կարող էին 90 օր գտնվել ՌԴ-ում, ապա հիմա ընդամենը 90 օր, այն էլ ամբողջ տարվա ընթացքում։
«Օրենքի այս կետից կտուժեն մեր այն վարորդները, որոնք բեռնափոխադրումների ծառայություններում են աշխատում, որովհետև տարվա ընթացքում գումարային 90 օր կարող են գտնվել Ռուսաստանի Դաշնությունում: Ցավոք, իրենք այլ հիմքեր չունեն Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու, և իրենք օգտվում էին հատկապես ոչ վիզային ռեժիմի երկրներին տրված այս հնարավորությունից», - ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ
Տաթևիկ Բեժանյանը:
Ռուս սահմանապահներն իրենց հայեցողությամբ կարող են օտարերկրացուն թույլ չտալ մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, անգամ այն քաղաքացիներին, որոնք մուտքի արգելք չունեն: Փետրվարի 5-ից ուժի մեջ կմտնի մյուս կոշտ կարգավորումը, եթե նախկինում արտաքսման որոշում կայացնում էր դատարանը, ապա մյուս ամսվանից ռուս ոստիկանն՝ առանց դատարանի որոշման իրավունք ունի Ռուսաստանում անօրինական գտնվող կամ քրեական հանցանքի մեջ կասկածվող միգրանտին արտաքսլեու որոշում կայացնել: 48 ժամ կարող է կալանավորել՝ կասկածը փարատելու կամ հիմնավորելու համար:
«Կներդրվի օտարերկրյա միգրանտների ռեեստր, որտեղ կհայտնվեն իմ թվարկած բոլոր կատեգորիայի միգրանտները, եթե ունեն որևէ խախտում՝ միգրացիոն հաշվառման ժամկետն է լրացել, հաջորդ հաշվառումը չի արել, պայմանագիրն է ավարտվել և այլն: Սա նշանակում է, որ այդ անձինք Ռուսաստանի Դաշնությունում չեն կարող որևէ գործարք անել», - ասաց փորձագետը:
Հայաստանին Միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2024 թվականին դեկտեմբերի դրությամբ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի քաղաքացիների նկատմամբ արտաքսման 1100 որոշում են կայացրել, բացի այդ անցած հոկտեմբերի դրությամբ ավելի քան 16 հազար քաղաքացու մուտք արգելված է: ՌԴ ՆԳՆ հրապարակած վերջին տվյալներով՝ Ռուսաստանում 246 հազար Հայաստանի քաղաքացի կա՝ օրինական և անօրինական ապրելու իրավունքով:
«Մենք նման մարդկանց նաև Հայաստանի աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերին ենք ծանոթացնում, փորձում ենք նրանց օգնել այդ հարցում: Եթե, այնուամենայնիվ, անձը ցանկություն է հայտնում մեկնելու, առաջարկում ենք մեկ ուրիշ տարբերակ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող գործիքակազմին ենք ծանոթացնում, հարթակ ունենք, որը կոչվում է «Աշխատանք առանց սահմանների», որտեղ անձը կարող է մտնել և դիտել բոլոր այն թափուր աշխատատեղերը, որոնք առկա են ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում կամ Ղրղըզստանում», - ներկայացրեց Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը Հրայր Հակոբյանը:
Հայաստանից ՌԴ միգրացիոն հոսքի նվազումը նոր երևույթ չէ, դեռ 2023-ին Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մոտ 9 տոկոսով նվազել էր: Պատճառներն, ըստ Բեժանյանին մեկը չեն, սակայն առանձնացրեց, որ շատերը չեն կարողանում օրինականացնել իրենց ՌԴ-ում գտնվելը: Միգրացիոն ծառայությունները հրաժարվում են վերցնել հաշվառման, օրինակ, երբ անձը փոխում է աշխատանքը և հաշվառման հասցեն, կոպտորեն խախտվում է ԵԱՏՄ համաձայնագիրը, նկատում է փորձագետը։
«Արդեն որերորդ դեպքն է մեզ տեղեկացնում են, որ ԵԱՏՄ անդամ երկիր քաղաքացու իրավունքն իրացնելը խախտվում է, դրա իրավունքը չունեն միգրացիոն ծառայության աշխատակիցները, որովհետև իրենց օրենսդրությամբ և ԵԱՏՄ համաձայնագրով մեր քաղաքացին իրավունք ունի դադարեցնելու պայմանագիրը և մեկ այլ տեղ հաշվառվել ու կքնել նոր աշխատանքային պայմանագիր», - ընդգծեց Բեժանյանը:
Սա ԵԱՏՄ համաձայնագրի խախտման միակ դեպքը չէ: Ներկայում քննարկվում է աշխատանքային միգրանտներին արգելել ընտանիքների հետ գտնվել ՌԴ-ում. - «ԵԱՏՄ անդամ երկների քաղաքացիներին ևս վերաբերելու է՝ իրենք չեն առանձնացրել, եթե չառանձնացնեն, կստացվի, որ սա ուղիղ հակասության մեջ կմտնի ԵԱՏՄ համաձայնագրի հետ, որի կետերից մեկը վերաբերում է անդամ երկրների աշխատանքային միգրանտներին, որոնք անդամ երկրում պետք է ունենան անդամ երկրին հավասար իրավունքներ:
Ի՞նչ պետք է անի Հայաստանի իշխանություն՝ ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար, Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը պատասխանեց. - «Մշտապես մեր ԵԱՏՄ անդամ երկների գործընկերների հետ քննարկումներ ենք ունենում և բոլոր խնդիրները, որոնք հասնում են մեզ, քննարկում ենք ու լուծումներ առաջարկում, հետագայում էլ պատրաստ ենք հավաքագրել ու մեր գործընկերների հետ քննարկել»:
Հարյուրավոր մարդիկ դիմում, բայց չեն կարողանում օրինականացնել իրենց ՌԴ-ում գտնվելը, շատ հայերի երեխաների դպրոց չեն ընդունում, թեպետ, երեխան հանձնում է բոլոր քննությունները և լավ տիրապետում է ռուսերենին, պատճառաբանում են՝ տեղ չունեն դպրոցներում, մյուս խնդիրները թվարկեց միգրացիոն փորձագետը։