Ռուսաստանի միգրացիոն խստացումների պատճառով արտաքսման վտանգի առաջ կանգնած բեռնատարների հայ վարորդների խնդիրները դեռ չեն լուծվել:
Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասում է՝ պարզապես վարորդների մի մասն ավելի զգուշավոր է դարձել, եթե արդեն սպառել են 90-օրյա ժամկետը, այևս չեն գնում Ռուսաստան, որ ո՛չ արտաքսվեն, ո՛չ դատարանի առաջ կանգնեն, ո՛չ էլ վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվեն: Այսինքն՝ անգործ մնում են Հայաստանում, մինչև տարին փոխվի:
«Ռուսաստանի Դաշնությունում որևէ փոփոխություն չկա, այն խոստումը, որ մեր բեռնափոխադրողների համար 90-օրյա ռեժիմը կդառնա 180-օրյա, դեռևս մնացել է խոստման մակարդակում, շարունակում են բեռափոխադրողներին մուտքի արգելք դնել, և շարունակում են բեռնափոխադրողները հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում», - «Ազատությանն» ասաց նա:
«Ոստիկանությունը շարունակում է մուտքի արգելքները դնել, կոռուպցիոն ռիսկերը մեծացել են, և գումարային շորթումների թվերը մեծացել են, երբ ոստիկանությունը պատրաստ է աչք փակել, եթե օտարերկրացու մոտ ժամկետն անցած է որոշակի գումարի դիմաց: Սա բավականին ակտիվ կիրառվում է, բայց ամեն դեպքում ինչ-որ պահի նույնիսկ այդ մարդկանց նկատմամբ հնարավոր է, կախված ոստիկանի տրամադրությունից, իրենք դնեն մուտքի արգելքը», - հավելեց փորձագետը:
Վարորդներն ասում են՝ իրենց բողոքի ակցիաներով չկարողացան պարտադրել Հայաստանի կառավարությանը, որ ռուսական կողմին համոզի՝ հայ բեռնատարների համար անիրատեսական է տարվա ընթացքում 180-ի փոխարեն 90 օր այդ երկրում գտնվելու սահմանափակումը: Հիշեցնում են՝ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը Լարսն է, իսկ այնտեղ գրեթե միշտ անծայրածիր խցանումներ են: Այդ 90 օրվա մեծ մասը հենց Լարսի խցանումներ են սպառում:
«Եթե Լարսում հանկարծ շատ հերթ եղավ, իմ օրերը կպրծնեն: Ինձ մոտ նենց տպավորություն է, որ մեր մասին էլ ոչ մեկը չի խոսում, մենք բարձիթողի վիճակում գնում-գալիս ենք, ով որ պահին ինչի հանդիպեց, այդ պահին իր հնարավորությունների սահմաններում փորձում է այդ հարցը լուծել: Վախենալով գնում ենք, վախենալու գալիս ենք, տանն էլ չեմ կարող մնալ, որովհետև սա իմ միակ աշխատանքն է: Հիմա երբ запрет կլինի, կգնամ, կկանգնեմ կառավարության շենքի դիմաց, կապրեմ այնտեղ», - նշեց վարորդներից մեկը:
Վարորդները դադարեցրել են բողոքի ակցիաները, որովհետև պնդում են՝ շատերը ստիպված զարտուղի տարբերակներով են բեռները Ռուսաստան հասցնում: Ասում են՝ թանկացրել են բեռնափոխադրումները, որ կարողանան Ռուսաստանի ճանապարհներին իրենց կանգնեցնող տեսուչների պահանջած գումարը վճարել: Ըստ նրանց՝ նաև սա է պատճառը, որ ՌԴ-ից Հայաստան բերված ապրանքները շուկայում ավելի թանկ են վաճառվում:
Ի դեպ, պաշտոնական վերջին տվյալներով՝ Հայաստանում մեկ տարում սննդամթերքը 5.4 տոկոսով թանկացել է: Թե միգրացիոն փորձագետը և թե օրինակ՝ անանուն մնալ ցանկացող վարորդներից մեկն ասում են՝ ռուս տեսուչներն իրենցից շուրջ 250 հազար դրամ են պահանջում:
«Կաշառքը երբևիցե չէր էլ վերացել, ուղղակի հիմա ավելի են բարձրացել թվերը, մեր կաշիները քերում են ճանապարհային ոստիկանները՝ կանգնեցնում են, անգամ գյուղերի մեջ, սկսում են՝ օրերդ ենք հաշվում և այլն: Ըստ իրավիճակի՝ գումարներ են էլի շորթում, մեծ գումարներ», - ասաց վարորդը:
Ռուսաստանում միգրացիոն խստացումներն ուժի մեջ են մտել այս տարվա հունվարից: Օրենքը խախտողները տուգանվում, ձերբակալվում, արտաքսվում, հաճախ նաև կալանավորվում են, բայց այս խնդիրների մասին տեղեկանում են, երբ ռուսական իրենց բանկային հաշիվները սառեցվում են: Սա նշանակում է, որ իրենք արդեն հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում:
Փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասում է՝ իրենց առայժմ հաջողվել է շուրջ 150 վարորդի հանել այդ ցանկերից, բայց առայժմ միայն սա է փոքրիկ առաջխաղացումը:
«Որպես փորձագետ՝ իմ, ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի և ԵԱՏՄ հանձնաժողովի համագործակցության արդյունքում մինչև այս պահն ինձ դիմած բոլոր վարորդներին, որոնք հայտնվել էին վերահսկվող անձանց ռեեստրում, ԵԱՏՄ-ի դիմումների համաձայն հանել են ռեեստրից, բայց քանի որ հիմա նաև այդ համակարգերի փոփոխությունն է ուժի մեջ, ամենայն հավանականությամբ հաջորդ տարվանից ռեեստրում հայտնված անձանց թույլ չեն տա մուտք գործել», - շեշտեց Բեժանյանը:
Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հայտարարել էր՝ եթե բեռնափոխադրումների խնդիրը քաղաքական է, Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանությունը զիջելու գնով լուծման գնալ։ Փորձագետը թեև համաձայն է Միրզոյանի հետ, բայց պնդում է՝ կառավարությունը դեռ նախորդ տարի պետք է ինտենսիվ բանակցությունների անցներ, որ բանը դեպորտներին չհասներ: Բեժանյանը հիշեցնում է՝ Հայաստանը դեռ ԵԱՏՄ անդամ է, այդ պայմանագիրը որպես միջազգային փաստաթուղթ բարձր է բոլոր ազգային օրենսդրություններից:
Ըստ նրա՝ ԵԱՏՄ բոլոր երկրները պետք է հղում անեն սրան ու նշեն, որ առնվազն ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա այս արգելքը պետք է չտարածվեր:
«Նույնիսկ օրենսդրություն փոխել պետք չէ, ընդամենը պետք է, որ ՌԴ-ն քաղաքական կամք դրսևորի՝ հարգել իր իսկ կողմից ստորագրած ԵԱՏՄ պայմանագիրը», - հավելեց Տաթևիկ Բեժանյանը:
Ռուսաստան մտնելու մինչև 5 տարվա արգելք ստացած բեռնատարների հայ վարորդները դեռ տեղյակ չեն՝ ինչպես է լուծվելու իրենց հարցը: Փորձագետ Բեժանյանն էլ չգիտի՝ արդյո՞ք քննարկվում է այս մարդկանց ճակատագիրը. նրանք փաստորեն 3-5 տարի չեն կարող զբաղվել իրենց հիմնական աշխատանքով: