Ստամբուլում մեկնարկել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները՝ դեսպանությունների աշխատանքների վերականգնման շուրջ, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ նշելով, որ բանակցություններն ընթանում են փակ ձևաչափով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայր, որտեղ էլ կայանալու են բանակցությունները։
Պատվիրակությունների կազմի մասին տեղեկություններ պաշտոնապես չեն հաղորդվել։
Նախօրեին «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Կուլտերը, ռուսական պատվիրակությունը կներկայացնի ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։
Reuters-ը, վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերը, նշում է, որ «օրակարգում դեսպանությունների անձնակազմի, վիզաների և այլ գործառնական հարցեր են»։
Գերատեսչությունում ընդգծել են, որ Ուկրաինայի վերաբերյալ, ինչպես նաև քաղաքական ու անվտանգության հարցեր հանդիպմանը չեն քննարկվի։
Նախօրեին արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ «բարձր մակարդակի դիվանագետներն ու փորձագետները հինգշաբթի օրը կհանդիպեն Թուրքիայում և կքննարկեն համակարգային խնդիրները»։
Էր-Ռիյադում փետրվարի 18-ին տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, որ պայմանավորվել են ջանքեր գործադրել՝ վերականգնելու դեսպանատների լիարժեք գործունեությունը։
Այս շաբաթասկզբին Լավրովը տեղեկացրեց, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բանակցությունների ամբողջական փուլ կանցկացնեն՝ երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեության հետ կապված խնդիրները լուծելու համար։
«Այս շաբաթ տեղի կունենան լիարժեք խորհրդակցություններ, որոնք, հուսով եմ, կվերացնեն վերջին տարիներին կուտակված արհեստական խոչընդոտները»,- ասել էր Լավրովը։