Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այս շաբաթ բանակցությունների ամբողջական փուլ կանցկացնեն՝ երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեության հետ կապված խնդիրները լուծելու համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ անցյալ շաբաթ այդ թեմայով տեխնիկական շփումներ են տեղի ունեցել։
«Այս շաբաթ տեղի կունենան լիարժեք խորհրդակցություններ, որոնք, հուսով եմ, կվերացնեն վերջին տարիներին կուտակված արհեստական խոչընդոտները»,- ասել է Լավրովը։
Էր-Ռիյադում տեղի ունեցած բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, որ պայմանավորվել են ջանքեր գործադրել՝ վերականգնելու դեսպանատների լիարժեք գործունեությունը։
Աշխատանքային այցով Անկարայում գտնվող Ռուսաստանի արտգործնախարարը թուրք գործընկերոջն այսօր մանրամասներ է ներկայացրել Էր-Ռիյադում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցություններից, ասել, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել շփումները ԱՄՆ-ի գործընկերների հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է բանակություններ կազմակերպել Ուկրաինայի հարցով և նպաստել հարցի կարգավորմանը։