Նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան Կիևը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման երկու ալիքի, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ՝ հավելելով, որ Կիևի հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են քաղաքի հյուսիսարևելյան Օբոլոնսկի շրջանի վրա երկրորդ հարձակումը հետ մղելու ուղղությամբ։
Ավելի վաղ ռուսական ԱԹՍ-ների թիրախում էր նաև հարավային Հոլոսիևսկի շրջանը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել բնակիչներին մնալ ապաստարաններում:
Նոյեմբերի 5-ի առավոտյան, Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաք Խարկովում ռուսական հրետակոծության հետևանքով վիրավորվել է երկու կին, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Վերջին շաբաթների ընթացքում Կիևն ու Խարկովը գրեթե ամեն օր ենթարկվում են ռուսական հարվածների, մինչ Ուկրաինան պատրաստվում է պատերազմի արդեն երրորդ ձմռանը։
Ուկրաինայի օդուժը հայտնել է, որ հաջողությամբ խոցել է 79 անօդաչու թռչող սարքերից 48- ը, որոնք արձակվել էին ռուսական կողմից Ուկրաինայի տարբեր շրջաններում:
Միաժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են վեց ուկրաինական անօդաչու սարք Բրյանսկի շրջանում։