Ռուսաստանն ու Բելառուսը պայմանագիր կկնքեն անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին՝ ելնելով երկու երկրների շահերից, ուրբաթ օրը հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում հյուրընկալելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով մասնակցելու է միութենական պետության բարձրագույն խորհրդի նիստին։
Բուն համաձայնագրի նախագծի բովանդակությունից շատ բան հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ համաձայնագիրը նախատեսում է կողմերի ռազմական օգնությունը կողմերից մեկի վրա հարձակման դեպքում (այդպիսի պարտավորություն, սակայն, առկա է նաև գործող ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության մասին պայմանագրում):
Համաձայնագրի կետերից մեկը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, վերաբերելու է Բելառուսում տեղակայված ռուսական միջուկային զենքի օգտագործման պայմաններին։
Լուկաշենկոն բազմիցս հայտարարել է, որ արևմտյան երկրներն իբր հարձակում են նախապատրաստում Բելառուսի վրա, և սպառնացել է միջուկային պատասխան տալ նման հարձակմանը։
Այս տարի Ռուսաստանը նաև Հյուսիսային Կորեայի հետ է ստորագրել ռազմավարական գործընկերության համաձայնագիր, ըստ էության, ռազմական դաշինք։
Նախապատրաստվում է ռազմավարական գործընկերության ևս մեկ համաձայնագրի ստորագրում՝ Ռուսաստանի և Իրանի միջև։
Այն պետք է ստորագրվի Իրանի նախագահի Մոսկվա այցի ժամանակ։ Այցը հոկտեմբերին էր նախատեսված, սակայն դեռ չի կայացել։