Մատչելիության հղումներ

Պտտահողմ Արթիկում. քշված տանիքներ, շարքից դուրս եկած արևային վահանակներ, տապալված էլեկտրասյուներ, ծառեր


«Վազելով գնացի էն կողմից դուրս էկա, էկա տեսա՝ մեր միջանցքի կռիշը չկա: Այ քեզի բան, մոլորած վիճակ ... ». - Ծովիկ Ավետիսյանը չի հասցրել տեսնել երեկ իրենց թաղով անցած պտտահողմը, հարևաններն են պատմել, թե ինչպես է տան տանիքը պոկել ու շպրտել մի կողմ:

«Նոր հարևանները պատմեցին, թե ինչ է կատարվել, դե իրանք իրանց պատուհաններից տեսել են, թե ինչպես է տանիքը վերցրել շպրտել էս կողմ, շպրտել էն կողմ, հետո կախել է տնից ցած, դուք էլ տեսաք, թե ինչ վիճակ է: Մի խոսքով, հուզված վիճակ, ներս-դուրս չէի գտնի ինձի», - պատմեց կինը:

Րոպեներ անց արդեն համացանցում տասնյակ տեսանյութեր էին պտտահողմից: Մի երևույթ, որը Արթիկի գյուղերում հինգ տարի առաջ էլ է նկատվել ու էլի մեծ վնաս հասցրել: Արթիկի ամենաբարձր հատվածում գտնվող մոտ երկու տասնյակ տների տանիքներ է քշել, արևային վահանակներ է շարքից հանել, էլեկտրասյուներ տապալել ու ծառեր արմատախիլ արել:

Ծովիկ Ավետիսյանը, որ այդ պահին տանը մենակ է եղել, սարսափով է հիշում, թե ինչպես էին քարերը թափվում, անգամ մտածել է, թե երկրաշարժ է. - «Սա, չգիտեմ, մի անբացատրելի բան էր, որ մինչև էսօր գլխիս միջից էդ գմփռտոց-դմփռտոցներն ընդհանրապես դուս չի գա, ես գիտեմ հլը էդ քարերի ձենը գլխիս վրա կուգա: Հետո որ դուրս էկա տեսա, որ փողոցի կողմից վերևի միջանցքի քարերը պատից շպրտել է փողոց՝ լրիվ մեջտեղ, մեր հորքուրի տղեն է վերցրել քցել էս կողմ, որ ճանապարհից հաներ: Իսկ էս կողմի հատվածը լրիվ բալկոնի կռիշի վրա էր քցել: Ու չհաշված որ ֆրանտոնն է պոկել վաբշե չկա՝ էս կողմից, տան կողմից, հայաթի կողմից՝ ֆրանտոն, պատուհան, հեչ բան չկա, էդ կողմը տարել է, դե ստեղ ավերել է: Չգիտեմ, մի խոսքով՝ ծանր վիճակ»:

Պտտահողմը տիկին Ծովիկի բակում 30 տարվա եղևնին արմատախիլ է արել. - «Եղևնին, ճիշտն ասած, ես չգիտեի, որ ընկել էր, հարևանի հարսը, թե՝ «Ծով, ձեր եղևնու գլուխը չի էրևա». ինքը տնից բարձր էր, փողոցից էլ կերևար: Էդպես ... վազելով էկա, տեսա որ արմատներից պոկել քցել էր ցած»:

Ավելի բարձր հատվածում գտնվող Ալեքսանյանների տան տանիքին պտտահողմը նաև արևային ջրատաքացուցիչն ու արևային վահանակներն է շարքից հանել: Այդ պահին Ալեքսանյանների ընտանիքը տանն է եղել, ու միայն երբ պատուհանին արմատախիլ եղած ծառի ցեխն է շպրտվել, հասկացել են, որ ինչ-որ բան է կատարվում դրսում, բայց որ պտտտահողմ է՝ չէին էլ պատկերացնում:

«Ցեխը շպրտեց, ասի էս ի՞նչ էղավ: Նայեցի՝ դեղձի ծառն ու կողքը եղևնու ծառ կա, էսպես պտտվում է ու կողքից չգիտեմ ինչեր է գալիս, ասի էս ի՞նչ է, ու էկա պատուհանին մոտիկ: Տեսա, որ էդ ժեշտը որ կա էնդեղաց, էս կողմից ֆռցրեց բերեց ծեփեց պատին, չպատկերացրի, որ մեր կռիշի էդ բանն էր». - տիկին Հայկուշը ցույց է տալիս արևային վահանակները, որոնք դժվար թե նորից շահագործվեն, կողքին էլ՝ կոտրված արևային ջրատաքացուցիչը: Վարկ էին վերցրել, տեղադրել, հիմա չգիտեն՝ ինչ են անելու.

«Մենակ 3 միլիոն տանիքի բաներն է դրած, 3 միլիոն՝ արևայիններն է դրած, էդ կռիշը ... »:



Վնասի փոխհատուցման հույսը չեն կորցնում աղետից տուժած ընտանիքները, ասում են՝ միայնակ իրենց ուժերով վերականգնել չեն կարող:

«Ասում է՝ հույսը վերջինը կմեռնի, հույս ունինք, որ լավ կեղնի, հուսանք, որ էօրվա ղեկավարությունը, Կառավարությունը իրոք աղետի գոնե պահերին կեղնի ժողովրդի կողքին, գոնե, հուսանք», - ասաց տիկին Հայկուշը:

Երեկվանից մարզպետարանից ու Արթիկի համայնքապետարանից ձևավորված հանձնաժողովը գույքագրում է հասցված վնասը: Թե հետո ինչ շարունակություն կունենա, առայժմ պարզ չէ: Իսկ Արթիկի մի քանի գյուղերում էլ պտտահողմին զուգահեռ տեղացած ուժեղ կարկուտն էր վնաս հասցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG