Նախագահ Պուտինը պատրաստ է «օգնել լուծել» Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի հարցով առճակատումը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք սերտ գործընկերություն ունենք Թեհրանի հետ, և նախագահ Պուտինն ասել է, որ պատրաստ է օգտագործել այս գործընկերությունը՝ Իրանի միջուկային խնդիրը լուծելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակը՝ մեկնաբանելով ՌԴ և ԱՄՆ առաջնորդների երեկ կայացած հեռախոսազրույցը։
Այդ հեռախոսազրույցի ընթացքում, ըստ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի, Պուտինն առաջարկել է Ռուսաստանին մասնակից դարձնել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։
Ապրիլից ի վեր Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել միջուկային նոր գործարք կնքելու հարցով, համաձայնության, սակայն, կողմերը չեն հասել։ ԱՄՆ նախագահը անցած օրերին հայտարարեց, թե թույլ չի տա Իրանին հարստացնել ուրան, Թեհրանն էլ իր հերթին պնդում է, որ Վաշինգտոնի պահանջը հակասում է Թեհրանի ազգային շահերին։
Կրեմլն անցած օրերին հայտարարել էր, որ Իրանն «իրավունք» ունի իրականացնելու խաղաղ միջուկային էներգիայի ծրագիր։