Մատչելիության հղումներ

Խամենեի․ «Ամերիկյան առաջարկները 100 տոկոսով հակասում են մեր շահերին»


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին դիմում է Թեհրանի մզկիթում հավաքված հազարավոր հավատացյալներին, 4-ը հունիսի, 2025թ.
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին դիմում է Թեհրանի մզկիթում հավաքված հազարավոր հավատացյալներին, 4-ը հունիսի, 2025թ.

«Միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի առաջարկներն անընդունելի են», - այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

«Ամերիկյան առաջարկները 100 տոկոսով հակասում են մեր շահերին», - հայտարարում էր Իրանի ղեկավարը՝ դիմելով Թեհրանի ամենամեծ մզկիթներից մեկում հավաքված հազարավոր հավատացյալներին, որոնց թվում էր նաև երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Խամենեիի պնդմամբ՝ Թեհրանի և Վաշինգտոնի առանցքային հակասությունը ուրանի հարստացման հարցն է։ «Իրանը ցանկանում է միջուկային խաղաղ ծրագիր զարգացնել, ամերիկացները դրան դեմ են», - պնդում էր Իրանի առաջնորդը։

«Ամերիկացիների գլխավոր պահանջն է, որ Իրանն ընդհանրապես զուրկ լինի միջուկային արդյունաբերությունից։ Նրանք ուզում են, որ մենք տասնյակ կարևորագույն ոլորտներում՝ այդ թվում էներգետիկայում, ջրի աղազարկման, բժշկության ասպարեզներում կախված լինենք իրենցից», - հայտարարում էր Խամենեին։

Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությունները հնչեցին Վաշինգտոնից եկող հակասական ազդակների ֆոնին։

Մի կողմից, ամերիկյան առաջատար լրատվամիջոցները, այդ թվում՝ The New York Times-ը, գրում են, որ բանակցային վերջին փուլում Վաշինգտոնն իրանցիներին փոխզիջումային լուծումների մի փաթեթ է փոխանցել, որը հնարավորություն կտա Թեհրանին ուրան հարստացնել, սակայն կբացառի իսլամական հանրապետության կողմից միջուկային զենքի ստեղծումը։

Մյուս կողմից, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը սոցցանցերում գրեց. - «Իրանի հետ մեր հնարավոր համաձայնագրի շրջանակներում մենք ուրանի որևէ հարստացում թույլ չենք տալու»։

Ալի Խամենեիի այսօր հնչեցրած պատասխանը նույնքան կոշտ էր։

«Նախևառաջ մենք ամերիկացիներին հետևյալն ենք ասում՝ ձեր ի՞նչ գործն է՝ մենք կհարստացնե՞նք ուրան, թե՞ չենք հարստացնի», - հակադարձել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Վաշինգտոնից և Թեհրանից հնչող այս հայտարարությունների ֆոնին ակնհայտ է՝ նախորդ շաբաթ Հռոմում, Օմանի միջնորդությամբ կայացած իրանա-ամերիկյան դիվանագիտական շփումների հինգերորդ փուլից հետո տրամադրությունները բանակցային սեղանի շուրջ զգալիորեն փոխվել են։

CNN-ի տեղեկություններով` անգամ կասկածի տակ է բանակցությունների հաջորդ փուլի անցկացումը։

«Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը փոխանցել է, որ ամերիկյան առաջարկներն անհամատեղելի են Թեհրանի դիրքորոշման հետ, և որ միջուկային համաձայնագրի կնքման «հնարավորությունների պատուհանը» կարծես թե փակվում է», - նշում է ամերիկյան լրատվամիջոցը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG