Մատչելիության հղումներ

Պուտինը պարծենում է գրավված տարածքներով, Թրամփը կրկին հայտարարում՝ հիասթափված է նրանից


Այս տարի ռուսական զորքն Ուկրաինայում մոտ 5000 ք/կմ տարածք և 212 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ, երկրի բարձրագույն ռազմական հրամանատարության հետ խորհրդակցությանը հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինը պնդել է, որ մարտի դաշտում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ մնում է ռուսական բանակի ձեռքում, ինչում վճռորոշ դեր են խաղում թե՛ ռուս զինվորներն ու սպաները, թե՛ ռազմարդյունաբերական համալիրը:

«Հակառակորդը, չնայած դիմադրության համառ փորձերին, նահանջում է շփման գծի ողջ երկայնքով ... Կիևի ռեժիմը, ձգտելով իր արևմտյան հովանավորներին ինչ-որ հաջողություն ցույց տալ, փորձում է հարվածել Ռուսաստանի խորքերին՝ լիովին խաղաղ թիրախների։ Դա նրանց չի օգնի», - հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուկրաինական DeepState նախագծի թվերն այլ են

Կրեմլի ղեկավարը, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք գրաված տարածքների մասին թվերը ներառում են Կուրսկի մարզի այն հատվածները, որոնք անցյալ տարի գրավել էր ուկրաինական զորքը, որտեղից նրանց ռուսական զինուժը դուրս էլ մղել այս գարնանը: Ուկրաինական DeepState նախագծի տվյալներով՝ ռուսական զորքը տարվա սկզբից Ուկրաինայից գրավել է մոտ 3200 ք/կմ, այսինքն՝ ավելի պակաս, քան նշել է Պուտինը:

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ իմպուլսը, որ ուկրաինական հակամարտության կարգավորմանը տրվել էր Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպմանը, զգալիորեն սպառվել է, ինչի համար մեղադրել է գլխավորապես Եվրոպային: Սերգեյ Ռյաբկովը նաև ասել է, որ եթե ԱՄՆ-ն Tomahawk մեծ հեռահարության հրթիռներ մատակարարի Ուկրաինային, դա իրավիճակի «որակական» փոփոխության կհանգեցնի: «Բայց սա չի ազդի մեր նպատակներին հասնելու մեր վճռականության վրա»,- ասել է ռուս պաշտոնյան։

Թրամփ. Ուկրաինայում պատերազմը դադարեցնելն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքի խնդիրը

Ռուսաստանի պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովն էլ սպառնացել է՝ եթե Վաշինգտոնը Կիևին տրամադրի այդ հրթիռները, ապա ցավոտ պատասխան կստանա:

Մինչ Ռուսաստանի նախագահը պարծենում է գրավված տարածքներով, իսկ ռուս պաշտոնյաները՝ սպառնում, ԱՄՆ նախագահը Կանադայի վարչապետի հետ հանդիպմանը կրկին հայտարարել է, որ հիասթափված է Պուտինից և հավելել՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելը, պարզվեց, ավելի բարդ է, քան կարծում էր:

«Ես լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, և կարծում էի՝ այս հարցը կարող է լուծվել։ Շատ հիասթափված եմ նրանից, քանզի կարծում էի, որ հեշտ կլինի լուծել այս խնդիրը, բայց պարզվեց, որ այն, թերևս, ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքի խնդիրը», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Եվրոպայի դեմ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Դոնալդ Թրամփի խոստովանության ֆոնին Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն իր ստվերային նավատորմի նավթատար նավերն օգտագործում է ոչ միայն պատերազմը ֆինանսավորելու, այլև հետախուզական տվյալներ հավաքելու, Եվրոպայում դիվերսիոն և ապակայունացնող գործողություններ իրականացնելու համար։

Վլադիմիր Զելենսկին նշել է, որ դրա վառ ապացույցն է վերջերս ռուսական տանկերներից անօդաչուների արձակումը, ապա հավելել է՝ այս տեղեկությունները փոխանցում են գործընկերներին. «Կարևոր է, որ նրանց արձագանքը Ռուսաստանին իրական լինի ... Մենք շարունակում ենք պնդել, որ պետք է անհապաղ վճռական քայլեր ձեռնարկվեն։ Ռուսները պետք է իմանան, որ աշխարհը նրանց ոչ մի ապակառուցողական գործողություն անպատասխան չի թողնի», - ասել է Ուկրաինայի առաջնորդը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Եվրոպայի դեմ՝ կտրում է ստորջրյա մալուխները, կաթվածահար անում օդանավակայանները, միջամտում ընտրություններին: Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ այդ ոտնձգությունները համակարգված են իրականացվում:

«Դա մեր քաղաքացիներին հունից հանելու, մեր վճռականությունը փորձելու, մեր միությունը պառակտելու և Ուկրաինային մեր աջակցությունը թուլացնելու հետևողական արշավ է։ Ժամանակն է այն իր անունով կոչել՝ սա հիբրիդային պատերազմ է, և սրան պետք է շատ լուրջ վերաբերվենք», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Financial Times-ը գրում է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն փորձում են Բելգիային համոզել, որ թույլ տա 300 մլրդ եվրո ռուսական սառեցված ակտիվներից 140-ը օգտագործել՝ Ուկրաինային «ռեպարացիոն վարկ» հատկացնելու համար: Այդ ակտիվների 190 մլրդ-ը պահվում է հենց Բելգիայում, որի վարչապետը ԵՄ-ից երաշխիքներ է պահանջում, որ հետագայում ստիպված չեն լինի դրանք միայնակ վերադարձնել:

Reuters-ն էլ երեք աղբյուրի հղումով հայտնում է, որ ԵՄ երկրները համաձայնել են մինչև 2028-ը Ռուսաստանից ներկրվող նավթից և գազից լիովին հրաժարվելու նախագծի շուրջ, որը անդամ երկրների նախարարների քվեարկությանը կներկայացվի հոկտեմբերի 20-ին:

Ռազմական իրավիճակը մնում է լարված

Գիշերը Ռուսաստանը շարունակել է հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին: Չեռնիգովի շրջանի մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Դնեպրոպետրովսկում կան վիրավորներ: Խերսոնում ռուսական հարվածից երկու մարդ է սպանվել: Ռուսաստանը հայտարարել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել:

Ուկրաինական զինուժն էլ հարվածել է Բրյանսկին, Կուրսկին, Վորոնեժին և այլ շրջանների: Բելգորոդում սպանվել է երեք, վիրավորվել ինը մարդ: Նիժնի Նովգորոդի և Ստավրոպոլի օդանավակայանները սահմանափակումներով են աշխատում:

XS
SM
MD
LG