Մատչելիության հղումներ

Պուտին. Tomahawk-ները կնշանակեն էսկալացիայի որակապես նոր փուլ

Լրացված

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ, Սոչի, 2-ը հոկտեմբերի, 2025թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ, Սոչի, 2-ը հոկտեմբերի, 2025թ.

Եթե ԱՄՆ-ը Tomahawk հրթիռներ տրամադրի Ուկրաինային, դա նոր էսկալացիայի կհանգեցնի և կվնասի ռուս - ամերիկյան հարաբերությունները, «Վալդայ» ակումբի պանելային քննարկմանը երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Սակայն մեծ հեռահարության այս հրթիռները, որոնցով Ուկրաինան կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին, ոչ մի կերպ չեն փոխի ուժերի հավասարակշռությունը մարտի դաշտում, պնդել է Վլադիմիր Պուտինը:

«Կվնասի՞ դա մեր հարաբերություններին ... Իհարկե, կվնասի ... Tomahawk-ների օգտագործումն առանց ամերիկացի զինվորների ուղիղ մասնակցության անհնար է։ Դա կնշանակի էսկալացիայի բոլորովին նոր, որակապես նոր փուլ, այդ թվում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում», - ասել է Պուտինը:

Կրեմլի ղեկավարը նշել է՝ Մոսկվան պատրաստ է շարունակել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ քննարկումը, ապա դարձյալ մեղադրել է ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանի դեմ պատերազմելու համար, բայց և պնդել է, թե ռուսական զորքը վստահ առաջ է շարժվում ռազմաճակատի գրեթե ամբողջ երկայնքով:

Ապա Վլադիմիր Պուտինը սպառնացել է՝ Ռուսաստանն արագ կարձագանքի, եթե Եվրոպան սադրանքի դիմի: «Եթե որևէ մեկը դեռ ցանկություն ունի մրցել մեզ հետ ռազմական ոլորտում, ազատ է, թող փորձի: Ռուսաստանի հակահարվածները չեն ուշանա», - ասել է նա:

Պուտինը նաև զգուշացրել է՝ պատերազմի ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանի տարածքին հարվածելով՝ ուկրաինացիները վտանգավոր բան են անում, ապա ակնարկել՝ Ռուսաստանը կարող է հայելային պատասխան տալ:

«Սա վտանգավոր խաղ է, և մյուս կողմում մարդիկ նաև պետք է հասկանան, որ եթե այդքան վտանգավոր քայլերի են դիմում, ապա իրենց կողմում դեռ գործող ատոմակայաններ կան։ Եվ ի՞նչն է մեզ խանգարում նույն կերպ հակահարված տալ», - ասել է ՌԴ նախագահը:

Կրեմլի խոսնակն, իր հերթին, հայտարարել է, որ Ուկրաինային Tomahawk հրթիռների տրամադրումը շատ վտանգավոր քայլ կլինի և համարժեք պատասխան կստանա:

«Եթե դրանք մատակարարվեն, դա կլինի էսկալացիայի նոր լուրջ փուլ, որը կպահանջի համարժեք արձագանք ռուսական կողմից», - ասել է Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է՝ Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպումից հետո կողմերն ավելի մոտ չեն խաղաղությանը, և դրա համար մեղադրել է գլխավորապես Եվրոպային, որը, ըստ Պեսկովի, Ուկրաինային խրախուսում է շարունակել պատերազմը: Մինչդեռ Վաշինգտոնը, նրա խոսքով, հավատարիմ է հակամարտությունը խաղաղ կարգավորելուն:

Ըստ ուկրաինացի ռազմական վերլուծաբան Անատոլի Խրապչինսկիի՝ եթե ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրի հետախուզական տվյալներ, դա Կիևին թույլ կտա ռազմական ավելի բարդ գործողություններ կատարել և հարվածել Ռուսաստանի խորքերին: Սակայն վերլուծաբանը թերահավատ է, թե Tomahawk հրթիռներ ստանալու դեպքում Ուկրաինան կկարողանա կիրառել դրանք:

«ԱՄՆ-ն այս հրթիռներն օգտագործելու իրավունքը երբեք որևէ մեկին չի փոխանցել …. ԱՄՆ-ն ինքն է շահագործում իր տրամադրության տակ եղած բոլոր բարդ, բարձր տեխնոլոգիական զենքերը», - նշում է ռազմական վերլուծաբանը:

Չնայած ռազմաճակատում առաջխաղացման մասին Մոսկվայի պնդումներին՝ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն այս տարի սահմանափակ առաջընթաց է գրանցել: Վլադիմիր Զելենսկին կոչ է արել շարունակել ճնշումը Մոսկվայի վրա, որպեսզի դադարեցնի պատերազմը: «Պետք է ուժեղացնենք պատժամիջոցները և դիմենք այլ՝ շատ ուժեղ գործիքների, այդ թվում՝ նավթի և նավթամթերքի առևտրի հետ կապված գործիքների», - ասել է նա։

Մինչ այդ, եվրոպական երկրները Կոպենհագենում երկու օր քննարկում էին Եվրոպայի անվտանգությունն ուժեղացնելու և Ուկրաինային աջակցելու հարցերը:

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ լայն համաձայնություն կա Կիևին աջակցելու նպատակով ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներն օգտագործելու հարցում: Ֆրիդրիխ Մերցը խոստացել է աջակցել ցանկացած մոտեցման, որը թույլ կտա օգտագործել այդ ակտիվները Ուկրաինային աջակցելու և պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու համար:

«Պուտինը չպետք է թերագնահատի մեր վճռականությունը։ Իսկապես կա մեծ միասնություն և շատ անսասան վճռականություն՝ միասին դիմակայելու այս ագրեսիային», - հայտարարել է Մերցը:

Սակայն երեկ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի ժամանակ, Հունգարիայի վարչապետը մերժել է ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային 140 միլիարդ եվրո վարկ տրամադրելու Եվրամիության նախաձեռնությունը։

«Եթե Եվրամիությունը որոշի դիպչել ուրիշների փողերին և վերցնել դրանք, մենք այդ գործարքին չենք մասնակցի, ուստի և ապագայում որևէ պատասխանատվություն չենք կրի», - ասել Վիկտոր Օրբանը։

Նա նաև հրաժարվել է հանել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտի վրա դրած վետոն և արգելափակել է Եվրոպական խորհրդի նախագահի առաջարկը՝ փոխել քվեարկության կանոնները, ինչը թույլ կտար շրջանցել վետոն:

Իսկ այս ընթացքում ռուսական զինուժը շարունակել է հարվածները Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, հիմնականում՝ Պոլտավայում և Խարկովում։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական զինուժը պատերազմի սկսվելուց ի վեր ամենազանգվածային հարձակումն է գործել Ուկրաինայի գազային ցանցի վրա, որը զգալիորեն վնասվել է:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, Պերմում հարվածել է քիմիական, Օրենբուրգում՝ նավթավերամշակման գործարանի, ինչպես նաև այլ թիրախների Ռուսաստանի տարբեր շրջաններում, Բելգորոդում կա մեկ զոհ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG