Ռուսաստանը պատրաստ է «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռով Կիևին հարվածելուն, այսօր հայտարարեց Ռուսաստանի նախագահn ամենամյա «Ուղիղ միացում Վլադիմիր Պուտինի հետ» հեռուստահաղորդմանը, որի ժամանակ ավելի քան 2 մլն հարց է ստացվել:
Վլադիմիր Պուտինը վստահեցրեց, որ «Օրեշնիկ»-ը նոր զենք է և հնարավոր չէ խոցել, ապա առաջարկեց հրթիռային «մենամարտ» անցկացնել Միացյալ Նահանգների հետ, ինչը ցույց կտա, թե ինչպես այն կարող է շրջանցել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ:
«Եթե արևմտյան փորձագետները կարծում են, որ «Օրեշնիկ»-ը կարող է խոցվել, ապա թող մեզ և նրանց, ովքեր Արևմուտքում իրենց վճարում են, առաջարկեն 21-րդ դարի բարձր տեխնոլոգիական մենամարտ անցկացնել, թող բացահայտեն թիրախները Կիևում, կենտրոնացնեն հակաօդային պաշտպանությունը և հրթիռները, այնտեղ պաշտպանական համակարգերը, և մենք կհարվածենք», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը պնդեց, որ ռուսական զորքը ճակատի ողջ երկայնքով ամեն օր առաջ է գնում, ընդորում՝ կիլոմետրերով:
«Խոսքը հարյուր, երկու հարյուր կամ երեք հարյուր մետրերով առաջխաղացման մասին չէ: Մեր մարտիկները վերցնում են, վերադարձնում են տարածքը քառակուսի կիլոմետրերով: Ցանկանում եմ ընդգծել՝ ամեն օր... Մարտական գործողությունները բարդ երևույթ են, այդ իսկ պատճառով դժվար է կանխատեսում անել, և կարիք էլ չկա: Սակայն մենք շարժվում ենք դեպի սկզբնական առաջադրանքների իրագործմանը, որոնք մեր առջև դրել էինք ռազմական հատուկ գործողության ժամանակ», - ընդգծել է Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահը խոստացավ, որ Կուրսկի շրջանից ուկրաինացիներին հեռացնելուց հետո այնտեղ ամեն ինչ վերականգնեն, թեև չասաց, թե դա երբ կարող է տեղի ունենալ։ Ըստ նրա՝ Կուրսկում ոչնչացված ուկրաինական զինտեխնիկայի թիվը գերազանցել է ամբողջ տարվա ընթացքում այլ շրջաններում ոչնչացված տեխնիկայի քանակին։ Պուտինի խոսքով՝ Կուրսկում է գտնվում ՆԱՏՕ-ի զինտեխնիկայի, ինչպես ինքը ձևակերպեց, աշխարհի ամենամեծ գերեզմանոցը։
Հարաբերություններ ենք պահպանում բոլոր խմբերի հետ, որոնք վերահսկում են Սիրիայում իրավիճակը. Պուտին
Անդրադառնալով Սիրիայի իրադարձություններին, որոնց արդյունքում վերջ տրվեց Բաշար Ասադի տասնամյակների պաշտոնավարմանը՝ Պուտինն ասաց, որ Հալեպը պաշտպանում էր 30 հազար զինվոր, սակայն նրանք առանց կռվի հանձնվեցին, երբ քաղաք մտավ հակառակորդի ընդամենը 350 զինվոր։ Ըստ նրա՝ նույնը տեղի ունեցավ ողջ Սիրիայում։
«Իհարկե, մենք ակնկալում ենք խաղաղություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Մենք հարաբերություններ ենք պահպանում բոլոր խմբերի հետ, որոնք վերահսկում են այնտեղ իրավիճակը, տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Նրանց ճնշող մեծամասնությունը մեզ ասում է, որ իրենք հետաքրքրված են, որպեսզի մենք Սիրիայում պահենք մեր ռազմաբազաները, չգիտեմ, մենք պետք է մտածենք դրա մասին, քանի որ պետք է ինքներս որոշենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերությունները այն քաղաքական ուժերի հետ, որոնք այժմ վերահսկում են իրավիճակը այդ երկրում և կվերահսկեն ապագայում», - ասել է նա։
Պուտինը նաև նշեց, որ դեռ չի հանդիպել Մոսկվայում ապաստանած Բաշար Ասադին, սակայն պլանավորում է առաջիկայում հանդիպել: