Սիրիայում իր իշխանության տապալումից ութ օր անց նախկին նախագահ Բաշար Ասադը հայտարարում է, որ իր փախուստը պլանավորված չէր։
«Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ երբեք չեմ դիտարկել հեռանալու, հրաժարականի և երկրից փախչելու հնարավորությունը»,- իր փախուստից ավելի քան մեկ շաբաթ անց առաջին անգամ մեկնաբանելով տեղի ունեցածը՝ հայտարարում է Սիրիան ավելի քան երկու տասնամյակ ղեկավարած ալ-Ասադը։
Սիրիայի տապալված առաջնորդի մեկնաբանությունը հրապարակվել է Սիրիայի նախագահության Տելեգրամ ալիքում և թվագրված է դեկտեմբերի 16-ին՝ Մոսկվայից։
«Սիրիայից իմ հեռանալը պլանավորված չէր և տեղի չունեցավ մարտերի վերջին ժամերին, ինչպես պնդում են ոմանք։ Ընդհակառակը՝ ես մնացել եմ Դամասկոսում և կատարել նախագահի իմ պարտականությունները ընդհուպ մինչև կիրակի՝ դեկտեմբերի 8-ի վաղ առավոտյան»,- ասվում է հաղորդագրությունում, որը վերնագրված է «Նախագահ Բաշար ալ-Ասադի պարզաբանումը այն հանգամանքների վերաբերյալ, որոնք հանգեցրել են Սիրիայից նրա հեռանալուն»:
Ասադը հավելում է, որ «երբ ահաբեկիչները մտել են Դամասկոս», ինքը որոշել է մեկնել Լաթաքիա «ռուս դաշնակիցների հետ համակարգված և ռազմական գործողությունների հետագա մոնիտորինգի նպատակով», իսկ դեկտեմբերի 8-ի երեկոյան մեկնել է Ռուսաստան։