Մատչելիության հղումներ

«Փուլ ա գալիս վրես, ես ո՞նց ապրես այստեղ». Վարդաշեն 6-րդ փողոցի վթարային շենքի բնակիչները հասել էին քաղաքապետարան


Էրեբունու Վարդաշեն 6 -րդ փողոցի 68ա հինգ հարկանի շենքում միայն մի քանի ընդհանուր զուգարան կա. ամեն հարկում մեկ հատ: Բայց նույնիսկ այս անմարդկային պայմաններում գտնվող հատուկենտ զուգարանները, որոնցից ամեն օր 80 հոգի է օգտվում, այս շենքի գլխավոր խնդիրը չեն: Այս շենքն ամեն րոպե կարող է փուլ գալ բնակիչների գլխին:

Երևանում 4 -րդ կարգի վթարային մոտ մեկ տասնյակ շենք կա, Վարդաշենի 6-րդ փողոցի 68 շենքն ու նրա կողքինը՝ 66/1-ը՝ նրանց թվում են և ենթակա են քանդման, բայց բնակիչները վախենում են, որ գործը կարող է տեխնիկայով քանդմանը չհասնել, շենքն ինքնուրույն կփլվի: Տագնապն ահագնանում է, երբ ստորգետնյա ցնցումներ են լինում:

«Երկրաշարժ էր, վախեցանք: Անհնարին է», - ասաց բնակիչներից մեկը:

Շենքում ամենուր բորբոսի, խոնավության, կոյուղաջրերի հոտ է տարածված, պատերն ու առաստաղը ճաքճքածեն, տեղ-տեղ քարեր են թափվել, աստիճանները միմյանցից հեռացած են:

Պատշգամբների վիճակն այնքան վատ է, որ թաղապետարանը անցած տարի որոշ պատշգամբներ պարզապես ապամոնտաժել է, որ դրանք իրենք չփլվեն, բայց փոխարենն այդ հատվածում նորմալ դուռ անգամ չկա դրված: Լվացք փռելն այստեղ կյանքի համար վտանգավոր գործ է:

Իսկ դեռ մնացած հատուկենտ պատշգամբների վրա ոտք դնելը ռիսկային է:

Տիկին Ռիման ասում է՝ դեռ քարոզարշավի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը եկել էր ու խոստանում էր տարհանել իրենց: Ավելի քան 1,5 տարի է անցել, Ավինյանն արդեն քաղաքապետ է, իսկ իրենք շարունակում են մնալ նույն վիճակում:

«Փուլ ա գալիս վրես, էս դուռն ընկնում ա, ես ո՞նց ապրես այստեղ», - ասաց բնակիչներից մեկը:

Վարդաշենի վթարային շենքի բնակիչներն այսօր հասել էին քաղաքապետարան՝ նույն պահանջով՝ իրենց հնարավորինս շուտ հանել շենքից:

Քաղաքապետարանի գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանն ասաց, որ բնակիչներին նոր բնակարաններ գնելու սերտիֆիկատ պիտի տան, բայց գումարը մեծ է, հարցը ոչ թե քաղաքապետարանը այլ կառավարությունը պիտի լուծի: Բերում էր Արցախի փողոցի վերաբնակեցված շենքերի հաջողված օրինակը:

Երեք ամիս առաջ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նույն բանն էր ասում, որ 3.2 միլիարդ դրամ է անհրաժեշտ և կառավարության հետ քննարկում են, թե այս շենքերի հարցը ինչպես լուծեն:

Մինչ տարբեր պաշտոնյաներ ամիսներ է ինչ քննարկումեն, Վարդաշենի վթարային շենքերի վիճակն անընդհատ վատթարանում է, իսկ բնակիչները շարունակում են ապրել ամեն անձրևաջրերից ու ստորգետնյա ցնցումից մաս առ մաս փուլ եկող շենքում:

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG