Ուկրաինայի առաջատար ընդդիմադիր ուժի առաջնորդ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ իշխանությունները ծրագրում են ընթացիկ տարվա հոկտեմբերի 26-ին ընտրություններ կազմակերպել։
"Цензор.нет"-ի հետ զրույցում հարցին՝ ե՞րբ են իր կարծիքով տեղի ունենալու ընտրություններն Ուկրաինայում, «Եվրոպական համերաշխություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը պատասխանել է՝ «գրանցեք՝ այս տարվա հոկտեմբերի 26-ին»։
Պորոշենկոն, որն ավելի վաղ հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, իր ասածը հիմնավորող փաստարկներ է վկայակոչել՝ «Աղբյուրներ իրավապահ մարմիններում, «Ուկրաինա» տպագրական գործարանում, որն այժմ մշակում է քվեաթերթիկների թիվը, ԿԸՀ-ում, որը ընտրողների ռեգիստրում փոփոխություններ է սկսում, Ազգային միասնության նախարարությունում, որն առաջին գրասենյակն է բացում Բեռլինում՝ բացառապես ընտրությունների նախապատրաստման համար»։
Ուկրաինայի իշխող ուժի ներկայացուցիչ Դավիթ Արախամիան, արձագանքելով քաղաքական գործչի պնդումներին, հայտարարել է, որ ռազմական դրության պայմաններում ընտրություններ անհնար է։
Ուկրաինայում ռազմական դրության պատճառով ընտրությունները հետաձգվել են։ Իշխանությունները պնդում են, որ ռմբակոծությունների տակ գտնվող և արտերկրում՝ փախստականի կարգավիճակում գտնվող միլիոնավոր քաղաքացիներ ունեցող երկիրը չի կարող ազատ և արդար ընտրություններ կազմակերպել։
Անցած օրերին Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը հայտարարել է՝ Վաշինգտոնը ցանկանում է, որ Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացվեն՝ ցանկալի է այս տարի, հատկապես, եթե կողմերը զինադադարի շուրջ համաձայնության գան։