Մատչելիության հղումներ

«Փորձում էին համոզել, որ ինձ ուղղորդել են». լեզվաբանը՝ Քննչականի հարցաքննության մասին


Գործարար Սամվել Կարապետյանի խոսքերը վերլուծելու ու նեղ մասնագիտական կարծիք տալու համար քննիչները բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանին երեք ժամից ավելի պահել են Քննչականում:

«Ինձանից հետաքրքրվում էին, թե ինձ ուղղորդե՞լ են», - պատմեց Դիլբարյանը:

Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբից Ռուբեն Հակոբյանն է ամիսներ առաջ դիմել գրականագետներին ու լեզվաբանին, որ մասնագիտական կարծիք հայտնեն՝ արդյոք Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն պաշտպանելու վերաբերյալ խոսքերում կոչ կա: Քննչական կոմիտեն եկեղեցու պաշտպանության մասին այս մեկնաբանությունը ներկայացնում է իշխանությունը զավթելու կոչ ու բանտարկել է գործարարին:

«Ես ներկայացրել եմ կարծիք, որտեղ լեզվաբանորեն հիմնավորել եմ, որ խոսքային այդ շղթան շարահյուսական ու ձևաբանականում ոճաբանական տեսանկյունից չի ենթադրում կոչ, այսինքն՝ չի ենթադրում երկրորդ կողմի առկայություն, որը կդիմի ինչ-որ գործողությունների, ինչը հետագայում մեղսագրվել է իրեն», - ասաց Դիլբարյանը:

Որ Կարապետյանի հայտնի մեկնաբանությունում կոչ չկա, եզրակացրել են նաև գրականագետներն ու հայտնվել Քննչական կոմիտեի թիրախում: Նրանց մասնագիտական կարծիքները ամիսներ շարունակ փաստաբանները ներկայացրել են քննչական ու դատական մարմիններին, բայց Քննչականին հակասող կարծիքների հեղինակներին օրեր առաջ են հիշել ու կանչել են հարցաքննության:

«Բաղադրիչը, որը կարող էր, ենթադրենք, հետաքրքրել Քննչական կոմիտեին, թե ինչպիսի գրականություն կա այդպիսի վերլուծությունների համար, չափազանց փոքր էր: Մնացածն այնպիսի հարցեր էին, որի միջոցով փորձում էին համոզել, որ կամ դու թերի կարծիք ես տվել, կամ քեզ վրա ճնշում է գործադրվել», - նշեց Նարինե Դիլբարյանը:

Նա կարծել է, թե Կարապետյանի գործը քննող 51 հոգանոց խմբին հետաքրքրել է, թե ինքը որ հեղինակների ու գիտնականների աշխատանքներից է օգտվել մասնագիտական եզրակացությունը գրելիս ու պատրաստված ներկայացել է, բայց բուն քննությունն, ասում է, րոպեներ է տևել, ժամերը նվիրվել են բոլորովին ուրիշ բանի՝ լեզվաբանին փորձել են համոզել, որ իրեն ուղղորդել են: Նախաքննական գաղտնիքի պարտադրանքով ավելի մանրամասն չի կարող պատմել:

«Իմ ամբողջ կյանքում պաշտպանել եմ օրենքը, իրավունքը և մարդկանց, ու ծիծաղելի էր, երբ ինձ ուզում էին համոզել տարբեր բառաշրջումներով, շրջասույթներով, փոխաբերություններով, որ ինձ վրա ճնշում են գործադրել կամ ինձ ուղղորդել են: Գիտեք, մասնագետին ուղղորդելը ծիծաղելի է», - ասաց նա:

Քննչականին հակասող կարծիք է գրել նաև գրականագետ Վանո Եղիազարյանը, և նրա հետևից էլ են գնացել: Եթե մյուսներին պարզապես ժամերով հարցաքննել են, այս դեպքում զարգացումներն ավելի թեժ են եղել: Քննիչների կասկածները չեն փարատվել, նրա տունն են խուզարկել, համակարգիչն ու հեռախոսը առգրավել: Վանո Եղիազարյանն «Ազատությանն» ասաց՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ դեռ չի ուզում խոսել:

Առայժմ այս կարճ գրառումն է արել. «Խուզարկված փորձագետը ես էի, նողկանք զգացի այդ ամենից, միաժամանակ ծիծաղելի էր Քննչականի այդ արարքը»:

Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ու ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ Դիլբարյանը առաջին անգամը չէ, որ որևէ քրեական գործով մասնագիտական կարծիք է հայտնել, բայց առաջին անգամն է, որ իրեն դրա համար Քննչական են կանչել: Վստահ է՝ իրենց թիրախավորել են ճնշելու նպատակով. «Հոգեբանական ակներև ճնշում է, որ «մի արա, քեզ չենք կանչի, կանես, կկանչենք»:

Որ քրեական գործով կարծիք հայտնած փորձագետներին հարցաքննության կանչեն, փաստաբան Ռուբեն Հակոբյանը իր պրակտիկայում չի հիշում նման բան: Պնդում է, թե այսպիսով փորձում են ճնշել բոլոր նրանց, որոնք Կարապետյանի օգտին կխոսեն կամ նրա օգտին որևէ մասնագիտական կարծիք կգրեն:

«Տաշիր գրուպի» սեփականատերը յոթ ամիս է՝ Ազգային անվտանգության ծառայության նկուղում է: Նրան կալանավորեցին եկեղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արշավից պաշտպանելու մեկնաբանության համար, իսկ հետո ավելացրին տնտեսական մեղադրանքները: Կարապետյանի փաստաբանական խումբը պնդում է՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է, և գործը հարուցվել է Փաշինյանի հրահանգով: Նրան ձերբակալելուց ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում հրապարակավ սպառնացել էր ընդմիշտ պասիվացնել հոգևորականների գործարարին:

Քննչականի պետը հերքում է, որ Սամվել Կարապետյանի գործը հարուցել են Փաշինյանի հրահանգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG