Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով այսօր առավոտյան ժամանել է Ռուսաստան, հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Փեզեշքիանը նախ բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա երկու երկրների նախագահները կստորագրեն Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։
Երկու օր առաջ Փեզեշքիանը հայտարարել էր, որ հարևանների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն իր վարչակազմի առաջնահերթություններից է՝ նշելով, որ Թեհրանն ու Մոսկվան գիտության, արդյունաբերության, գյուղատնտեսության և անվտանգության հարցերի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրեն։ Մոսկվան հայտարարել է, թե այն ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ։ «Այս համաձայնագիրն ունի կառուցողական բնույթ՝ ամրապնդել Ռուսաստանի և Իրանի կարողությունները աշխարհի տարբեր մասերում»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Օրեր առաջ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին որոշ մանրամասներ ներկայացրեց՝ նշելով, որ Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կնքվում է 20 տարի ժամկետով և հաշվի է առված երկու կողմերի շահերը։
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը կփոխարինի 2001-ին ստորագրված համագործակցության սկզբունքների մասին համաձայնագրին։ Նոր փաստաթղթի շուրջ աշխատանքներն ընթանում էին 2022 թվականից, անցյալ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել դրա տեքստի շուրջ, սակայն տեքստից մանրամասներ չեն հրապարակվում։
Դեսպանը միայն օրերս ասել է, որ համաձայնագրում ներառված է 47 հոդված և ընդգրկում է բոլոր ոլորտները։