Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատապարտում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի ազատազրկման որոշումը:
Դատարանն այսօր 2 տարվա ազատազրկման դատապարտեց արքեպիսկոպոս Աջապահյանին:
Մայր աթոռը հայտարարել է, որ սա արդարադատության հիմնարար ոտնահարում է:
«Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր», - ասված է Մայր աթոռի հայտարարության մեջ:
Ըստ Էջմիածնի՝ Ի Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանին երկու ամսից էլ քիչ ժամանակ պահանջվեց այս դատաքննությունն ավարտին հասցնելու համար։
Ինքը՝ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրանքը չի ընդունում և այս ամենը քաղաքական հետապնդում է որակում։
Այս քրեական գործը հարուցվել է սրբազանի ավելի քան մեկ տարի առաջ տված մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չէին տեսել և քրեական գործ հարուցեցին միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի ու կաթողիկոսի դեմ։ Իրավապահները պատճառաբանում են, թե Միքայել Աջապահյանը մեղավոր է, քանի որ նույն միտքը կրկնել է մի քանի անգամ։