Վարդենուտցի (Արագածոտնի մարզ) Արտակ Շագոյանը վրդովված է՝ չնայած վարչապետի ու էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպումներին, հուսադրող խոստումներին, Վարդենուտի հանրային գերակա շահ ճանաչված մոտ 110 հեկտար հողի գինն անցած ամիսներին այդպես էլ չփոխվեց:
«Սա պետական գերակա շահ չի, սա պետական գերակա գողություն է», - «Ազատությանն» ասաց նա։
Շուրջ 900 բնակիչ ունեցող գյուղի մի մասի հողակտորներում «Ռիդ» ընկերությունը լեռնադահուկային հանգստավայր է կառուցում՝ շարունակելով մեկ քառակուսի մետրի դիմաց 345 դրամ առաջարկել։ Ընկերությունը 290 հողակտորի սեփականատերերի մի մասի հետ է միայն համաձայնության եկել ու գնել 40 հողակտոր։ Իսկ ով դեմ է եղել սահմանաված փոխհատուցման չափին, «Ռիդ»-ը նրանց դեմ հայց է ներակայացրել դատարան։
«Ոչ մի փոփոխության չբերեց, Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ եկան, կանչեցին մեզ այնտեղ, ասացին՝ «մենք 700 դրամից» ավելի չենք կարող տալ։ Մարդիկ կային, որ համաձայն էին։ Խաբեցին, մարդիկ գնացին, ասացին՝ դե տվեք։ Ի՞նչ 700 դրամ, ի՞նչ բան, մենք չենք կարող այդ գնով հող առնել ձեզանից», - ասաց Արտակ Շագոյանը։
Վարչապետը բնակիչների հետ հանդիպմանն ասել էր, որ խնդրի մեջ կարևորը «ճիշտ բալանսն» է։ Այսօր, սակայն, ասում են՝ այդ «բալանսն» այդպես էլ չգտնվեց։ Ըստ հանգստավայր կառուցող ընկերության՝ 290 հողակտորի մոտ կեսն արդեն օտարվել է դատարանի որոշմամբ։ Մնացած 100 հողակտորների սեփականատերերը դեռ փորձում են դատարանով իրենց նախընտրելի՝ պնդում են՝ իրական արժեքով փոխհատուցում ստանալ, կամ էլ կանխել այդ գնով իրենց հողերի ու խոտհարքերի օտարումը։
«Ռիդ»-ից հրաժարվեցին արձագանքել վարդենուտցիների պահանջին՝ այն որակելով որպես ապօրինի հարստանալու փորձ։ Լեռնադահուկային հանգստավայրը կառուցող ընկերությունից մի քանի անգամ պնդել են, թե իրենց տրամադրած փոխհատուցումը համարժեք է: Ավելի վաղ ընկերության սեփականատերը պնդել էր՝ տալիս են այնքան, որքան գնահատվել է։
«Ես չեմ կարող ոչ գին ասել, ոչ էլ իրենք կարող են գին ասել, գինը պետք է ասի գնահատողը: Գինը պետք է ասի գնահատողը։ Շուկայական գինը գնահատում են, և այդ շուկայական գնով վերցնում ենք: Եթե իրենք ունեն ուրիշ գնահատական շուկայական գնից, թող բերեն և դնեն սեղանին», - ասել է «Ռիդ» ընկերության սեփականատեր Ռուբեն Գրիգորյանը։
Վարդենուտցի Հրանտ Գյուրջյանը, որը ևս հողակտորը կորցնելու վտանգի առաջ է, ասաց՝ կադաստրային բնութագրումներում անճշտություններ կան, և նաև այդ պատճառով դրանք իրական արժեքից զգալի ցածր են գնահատվել։
Նրանք շեշտեցին՝ իրենց հողակտորները ոռոգելի են։
«Ոչ մեկը դրա վրա ուշադրություն չի դարձնում, ոչ մի բան հիմք չեն ընդունում», - հավելեց Գյուրջյանը։
Անասնապահությամբ զբաղվող վարդենուտցիների մեծ մասի համար Արագածի լանջի հողակտորները եկամտի միակ աղբյուրն են։ Շատերը հիմա չգիտեն՝ ինչ են անելու։ Պնդում են՝ անգործ կմնան: Կասկածում են, թե իրենց համապատասխան աշխատանք կգտնեն խոստացված հանգստավայրում:
Նրանցից ոմանք էլ մտածում են՝ ինչպես են մարելու գյուղատնտեսական վարկերը, որոնք հենց կառավարությունն էր տվել։
Գյուղում անհնար կդառնա անասնապահությունը, եթե հողերը կորցնեն, ասում է վարդենուտցի Բայանդուր Ադամյանը։
Հյուրատներ լինելու են գյուղի հանրային գերակա շահ ճանաչված խոտհարքերի ու արոտավայրերի տարածքում. ռուսական «Ռուցոգ-ինվեստ» հոլդինգի կազմում գործող «Ռիդ» ընկերությունը բացի այդ, Արագածի լանջին ցանկանում է կառուցել լեռնադահուկային 50 սահուղիներ, ճոպանուղիներ, բարձրակարգ հյուրանոցներ։ Ընկերությունից խոստանում են ծրագիրն իրագործել 7 տարում։
Մինչ վարդենուտցիների մի մասը դատարանում վիճարկում է սեփական հողերի օտարումը, «Ռիդ»-ն Արագածի լանջին արդեն սկսել է նախնական շինարարական աշխատանքները՝ դեպի հանգստավայր գնացող ճանապարհներ են բացում։
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.