Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական համագործակցություն են հաստատում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում այս մասին այսօր Պեկինում հայտարարեց Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը։ Բանակցությունների ավարտին երկու ղեկավարները ստորագրեցին 18 կետից բաղկացած հռչակագիրը, որում մասնավորաբար արձանագրում էին, որ Բաքվի և Պեկինի հարաբերությունները նոր փուլ են մուտք գործում։
«Հաստատելով, որ երկու երկրները միմյանց որպես առաջնահերթ, վստահելի և փոխշահավետ ռազմավարական գործընկերներ են դիտարկում, Ադրբեջանն ու Չինաստանը պատրաստակամություն են հայտնում ամրապնդել քաղաքական փոխվստահության ու փոխօգնության մթնոլորտը, զարգացնել համակողմանի գործակցությունն ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների, միասնաբար պայմանավորվում են համապարփակ ռազմավարական համագործակցության հարաբերություններ հաստատել», - նշված է Իլհամ Ալիևի և Սի Ծինպինի կողմից ստորագրված փաստաթղթում, որի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։
Ադրբեջանի նախագահը Պեկին է ժամանել պետական այցով։ Դրա ընթացքում կողմերն այսօր մոտ երկու տասնյակ երկկողմ փաստաթղթեր են ստորագրել, որոնցից անկյունաքարայինը, սակայն, ռազմավարական համագործակցության մասին հռչակագիրն է։ Այս փաստաթղթով Բաքուն հայտարարում է, որ «իր համար աշխարհում միայն մեկ Չինաստան գոյություն ունի, և Թայվանը դրա անքակտելի մասն է»։
Չինական կողմն էլ հռչակագրով «անկեղծ աջակցություն է հայտնում Ադրբեջանի առաջ քաշած խաղաղության օրակարգին, իսկ հակամարտությունների միտված աշխարհքաղաքական խաղերը վնասակար է որակում»։
Բացի այդ, Պեկինն իր միանշանակ աջակցությունն է հայտնել Ադրբեջանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության գաղափարին, Բաքուն էլ պատրաստակամություն է հայտնել ներգրավվել չինական տրանսպորտային նախագծերում՝ մասնավորաբար «Գոտի և ճանապարհ» ծրագրում, համադրելով այն իր սեփական՝ «Վերածնված Մետաքսի ճանապարհ» կոչվող պրոյեկտի հետ։
Ադրբեջանա-չինական հռչակագրի առանցքային դրույթներից մեկը վերաբերում է երկու երկրների ուժայինների միջև համագործակցությանը։
«Կողմերն ընդգծում են, որ ահաբեկչությունը, անջատողականությունը և ծայրահեղականությունը լրջագույն վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության համար, և մատնանշում են այդ սպառնալիքների կանխարգելման և դրանց դեմ համատեղ պայքարի կարևորությունը։ Կողմերը նաև ընդգծում են երկու պետությունների անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների միջև համագործակցության ամրապնդման և տեղեկատվության փոխանակումների կարևորությունը», - նշված է հռչակագրում։
Սրան էլ գումարած՝ Չինաստանն իր աջակցությունն է հայտնել ադրբեջանական տարածքների «մարդասիրական ականազերծմանը», պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս աջակցել Բաքվին այս հարցում։
Այսօր Պեկինում ստորագրված այս փաստաթուղթը Չինաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ջերմացման ամենավառ ապացույցը հանդիսացավ։ Չինաստանը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը։ 2024-ին ապրանքաշրջանառության ծավալը Բաքվի և Պեկինի միջև հասել է 3 միլիարդ 700 միլիոն դոլարի, իսկ ուղղակի չինական ներդրումները Ադրբեջանում մոտենում են մեկ միլիարդ դոլար ցուցանիշին։ Ադրբեջանն, իր հերթին, եթե հավատանք Բաքվի պաշտոնական տվյալներին, չինական տնտեսությունում մոտ 2 միլիարդ 100 միլիոն ամերիկյան դոլարի ներդրում է կատարել։
Վերջին տարիներին ադրբեջանցի պաշտոնյաները շատ են խոսում նաև Չինաստանի հետ ռազմական ոլորտում՝ մասնավորաբար սպառազինության ձեռքբերման ասպարեզում համագործակցության զարգացման պատրաստակամության մասին։ Ադրբեջանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում մասնավորաբար չինական արտադրության ռեակտիվ հրթիռային համակարգերի հանդեպ։ Ուշագրավ է, ի դեպ, որ հեռավոր 1999 թվականին չինական արտադրության WM 80 մակնիշի հրթիռային կայանքների առաջին գնորդներից մեկը Հայաստանն էր։ Չինական այդ զինատեսակը մի քանի անգամ նույնիսկ ցուցադրվեց Երևանում կազմակերպված զորահանդեսների ժամանակ՝ Բաքվի և Պեկինի միջև դիվանագիտական լարվածության պատճառ դառնալով։
Հայաստանի ղեկավարը վերջին անգամ Պեկին այցելել է 6 տարի առաջ։ Նիկոլ Փաշինյանը 2019-ի մայիսին Պեկին էր մեկնել աշխատանքային այցով։ Նրա նախորդները ևս Չինաստան այցելում էին՝ ճիշտ է պետական այցերով։ Լևոն Տեր-Պետրոսյանի պետական այցը Չինաստան կազմակերպվել էր 1996 թվականին, Ռոբերտ Քոչարյանինը՝ 2004 թվականի սեպտեմբերին,Սերժ Սարգսյանինը՝ 2015-ի մարտին։