Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով։ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահին ուղղված ուղերձում մասնավորապես ասված է․ - «Հայ-չինական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և առանձնանում են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Ավանդական այս հարուստ հիմքի վրա է խարսխվել նաև մեր միջպետական համագործակցությունը, որն անցած երեսուն տարիների ընթացքում շարունակաբար զարգացել է առողջ և հաստատուն ուղիով: Հայաստանի և Չինաստանի միջև պահպանվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ամրապնդվել է փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում»:
«Այս երեք տասնամյակների ընթացքում մեր երկրները զգալի արդյունքների են հասել առևտրի, տնտեսության, զարգացման, անվտանգության, մշակույթի, կրթության, գիտության և այլ ոլորտներում համագործակցելիս, ամրապնդվել է հայ և չին ժողովուրդների բարեկամությունը, խորացել փոխադարձ ըմբռնումն ու ճանաչելիությունը:
Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին՝ դիտարկելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմաբնույթ փոխգործակցության զարգացումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում», - Սի Ծինփինին գրել է Նիրկոլ Փաշինյանը՝ երախտագիտություն հայտնելով այս տարիների ընթացքում Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի զարգացմանը ցուցաբերված աջակցության համար:
Չինաստանի վարչապետին Հայաստանի ղեկավարի հղած ուղերձում մասնավորապես ասված է․ - «Երեք տասնամյակ առաջ միջպետական հարաբերությունների հաստատումը մեր երկրներին ու ժողովուրդներին հնարավորություն տվեց բացելու նոր դարաշրջան, զարգացնելու և ամրապնդելու փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ արձանագրելով նշանակալի ձեռքբերումներ»:
«Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ընթացող քաղաքական երկխոսությունը և մեծապես կարևորում Չինաստանի հետ գործընկերության հետագա համակողմանի, կայուն և հետևողական զարգացումն ու ընդլայնումը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում», - գրել է Փաշինյանը՝ շարունակելով․ - «Հայ-չինական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունը, որը մենք հանձնառու ենք հնարավորինս ընդլայնելու` ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր, հեռանկարային ծրագրեր: Այս առումով կարևորում ենք Հայաստանի մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը, որը զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում»:
Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Վահագն Խաչատրյանն այսօր այցելել է Չինաստանի դեսպանատուն։ Նախագահը շնորհավորել է դեսպան Ֆան Յունին, դեսպանատան աշխատակիցներին՝ դեսպանության նոր շենքի բացման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք և հաջողություններ:
«Չին-հայկական հարաբերություններում նկատվում է առողջ զարգացման դինամիկա»
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, վերջին 30 տարիների ընթացքում չին-հայկական հարաբերություններում նկատվում է առողջ և կայուն զարգացման դինամիկա, իր հերթին ասել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը՝ Հայաստանի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում։
Երկու երկրների միջև անդադար խորանում է քաղաքական փոխվստահությունը, հիմնորեն առաջ է ընթանում գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում, իսկ մշակութային և հումանիտար փոխանակումներն էլ ավելի սերտանում են, նշել է Չինաստանի վարչապետը՝ պատրաստակամություն հայտնելով՝ համատեղ ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, հարստացնել չին-հայկական բարեկամական հարաբերությունների օրակարգը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։