Ուֆայի «Բաշնեֆտ» նավթավերամշակման գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ապա հրդեհ է բռնկվել։ Հարակից տարածքների բնակիչները տելեգրամյան ալիքներում տեսանյութեր են հրապարակել։
Ուկրաինական OSINT նախագիծը պնդում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերն են թիրախավորել տարածքը։
ASTRA-ն, իր հերթին, նշում է, որ պայթյունը տեղի է ունեցել ПАО АНК նավթավերամշակման համալիրի տարածքում, որն ընդգրկում է"Башнефть-УНПЗ", "Башнефть-Новойл" և "Башнефть-Уфанефтехим" արտադրամասերը։
Բաշկորտոստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հրդեհը տեղայնացվել է, սակայն դրա հավանական պատճառների մասին հայտարարությունում չի նշվում։ Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ տուժածների մասին հաղորդումներ չի ստացել։
Բաշկորտոստանի իշխանությունները չեն մեկնաբանել նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին հաղորդումները։ Պետական լրատվամիջոցները, վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարությունը, հայտնում են միայն հրդեհի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ-ներ խոցելու մասին իր հերթական զեկույցում Ուֆայի մասին չի նշում։ Միայն հայտնում է, որ երեք ԱԹՍ խոցվել է Լիպեցկի շրջանում, երկուսը՝ Ռոստովի և երկուսը՝ Բելգորոդի շրջաններում։