Բժիշկները երրորդ օրն է՝ պայքարում են ծեծված մեկ տարեկան տղայի կյանքի համար: Երեխան շարունակում է մնալ «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Փոքրիկը հիվանդանոց է տեղափոխվել «կլինիկական մահ» ախտորոշմամբ: Քննչական կոմիտեն սպանության փորձի հոդվածով վարույթ է նախաձեռնել, ձերբակալել երեխայի հոր զուգընկերուհուն: Նրան, «Ազատության» տեղեկություններով, շուտով մեղադրանք կառաջադրեն:
«Մեր իրականացրած օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ ոչ թե պատահականության արդյունք է եղել տեղափոխումը, այլ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք է: Հաղորդում է ուղարկվել անմիջապես նախարարության կողմից Քննչական կոմիտե», - այսօր ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: Նա News.am-ի հետ զրույցում հաստատել է, որ կասկածներն ուղղված են հենց խորթ մոր դեմ, բայց այլ մանրամասներ չի հայտնել:
Իրավապահները չեն մանրամասնում՝ արդյո՞ք քննությունը կտանեն նաև պարզելու հոր պատասխանատվության հարցը. ինչպե՞ս կարող էր նրա փաստացի կինը ձեռք բարձրացնել երեխայի վրա, փոքրիկին հասցնել մահվան շեմին, արդյո՞ք չպետք է քննարկվի նաև ծնողական իրավունքների հարցը:
«Այս պահին երեխան լավ ա, ինչ-որ բան որ լինի, ես կասեմ», - երեկ «Ազատությանը» ասել էր երեխայի մայրը: Նա պատմել էր, որ հեռացել է ամուսնուց, երեխային թողել հոր մոտ, մինչև վարձով բնակարան գտնի: Ընդ որում, ամուսնու ներկայիս զուգընկերուհին իր ընկերուհին է, ասել էր. - «Ուղղակի էրեխուն տարել էի, էնտեղ ավելի ապահով էր, էլի, ես չգիտեի ինչ կարա լինի: Ուզում էինք տուն վարձեինք, որ էրեխուն տանեինք, էլի, պահեինք, տենց ստացվավ»:
21-ամյա կինը նորից երեխայի է սպասում, ունի չորս երեխա, որոնցից երկուսին, ըստ մոր համագյուղացիների, մանկատուն է հանձնել: Ամուսնուց բաժանվելուց հետո երրորդին տարել էր մոր տուն՝ գյուղ:
Նախկին ամուսնու բնակարանի տան դուռն այսօր փակ էր, ոչ մեկը չարձագանքեց, պարզ չէ հոր գտնվելու վայրը: Հարևաններն էլ պնդում էին, թե չեն ճանաչում ընտանիքին, ոչ աղմուկ-աղաղակ էին լսել, ոչ էլ տեղյակ էին տեղի ունեցածից: Միայն հաստատեցին, որ այդ բնակարանում վարձով կենվորներ կան:
Երեխայի մոր խոսքերից պարզ է դառնում, որ նախկին ամուսնու տանը այլ կին կամ կանայք կան, զանազան ամուսնություններից ծնված երեխաներ:
Արդյո՞ք այս ընտանիքը եղել է սոցաշխատողների ուշադրության ներքո: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ ոչ:
Գերատեսչության աշխատակիցները միայն սարսափելի դեպքից հետո են այցելել ընտանիք, այն էլ դուռը փակ են գտել: Իսկ տատիկի մոտ գտնվող երեքամյա աղջնակին արդեն տեղափոխել են խնամքի հաստատություն:
Իսկ ինչո՞ւ է նման խոցելի ընտանիքը հայտնվել պետության ուշադրությունից դուրս. նախարարությունից ընդգծեցին՝ ընտանիքը անապահովության նպաստի շահառու չի եղել, արտառոց դեպք էլ մինչ այդ չի գրանցվել: