Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ ցանկացած քննարկում կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ Մոսկվան ցույց տա, որ հավատարիմ է արևմտյան երկրների հետ աշխատելու՝ կայուն խաղաղության հասնելու համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Նա մի շարք եվրոպացի առաջնորդների հետ միասին Կիևում է՝ քննարկելու Ուկրաինային հետագա աջակցության հարցը։
Ապա լրագրողների հետ զրույցում եվրոպացի պաշտոնյան ասել է, որ Ուկրաինան կարող է անդամակցել Եվրամիությանը մինչև 2030 թվականը, եթե երկիրը շարունակի բարեփոխումներն իրենց ներկայիս արագությամբ և որակով:
Կիևում եվրոպացի առաջնորդների հավաքից հետո Իսպանիայի վարչապետը հայտարարել է․ «եթե մենք ցանկանում ենք արդար և կայուն խաղաղություն, մենք պահանջում ենք Եվրամիությունից ու Ուկրաինայից ակտիվ մասնակցություն {բանակցություններին-խմբ.}»։
Էստոնիայի վարչապետն էլ նախազգուշացրել է, որ Ուկրաինայում «ոչ արդարացի խաղաղությունը» կարող է սպառնալ Եվրոպային և ոչ միայն․ «Անարդար խաղաղությունը, հավանաբար, կհարվածի բոլորին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, քանի որ Իրանը, Հյուսիսային Կորեան, բոլորը կտեսնեն, որ կարող են անել այն, ինչ ուզում են»։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ասել է, որ հավաքված եվրոպական երկրների առաջնորդները «ողջունում են նախագահ Թրամփի հսկայական ջանքերը՝ Պուտինին և Ռուսաստանին բանակցությունների մղելու համար: Եվ ես ցանկանում եմ, որ այս երկկողմ բանակցությունները դռներ բացեն խաղաղության (իրական) բանակցությունների համար»։
Կոշտան, սակայն, ընդգծել է, որ «միայն Ուկրաինան կարող է որոշել, երբ մենք պայմաններ ունենք դա անելու համար»:
Ամերիկայից բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր Կիև չեն մեկնել: