Բաքուն «ակնկալում է, որ TRIPP նախագիծը օր առաջ կյանքի կկոչվի», այսօր Էստոնիայի ԱԳ նախարարի հետ Բաքվում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։
«Երեկ նախագահ Ալիևը հայտարարեց Հայաստան բեռների տարանցման արգելքը վերացնելու մասին։ Հայաստանն արդեն կոնկրետ օգուտներ է տեսնում և զգում։ Եվ սրանք միայն սկզբնական օգուտներն են»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Ըստ նրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապի, ինչպես նաև Միջին միջանցքի մի մասի «բացման առավելությունները, այն մարդիկ, որոնք Հայաստանում են զբաղվում այս նախագծերով, դրանք առաջնահերթություն կհամարեն»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարևոր քայլ է որակել Ադրբեջանի՝ իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը:
Վարչապետն հայտարարել է նաև, որ Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից ապահովել ՀՀ տարածքով բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։