Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում վարչապետ Փաշինյանը այսօր դասախոսներին և ուսանողներին ակադեմիական քաղաքի կրթական կլաստերը ներկայացրեց: Բայց բուհերի միավորման հարցով դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել:
Ավելի քան 1 միլիարդ դոլար արժողության ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակներում կառավարությունը մտադիր է միավորել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Մանկավարժականն ու Ֆիզկուլտինստիտուտը: Այս գաղափարին դեմ էին հատկապես Բրյուսովում, բողոքի ցույցեր, դասադուլներ արեցին, բայց ռեկտորի փոփոխությունից հետո կրքերը հանդարտվեցին։
Կրթության նախարարն այսօր հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջ պայման է դրել մինչև 2025 թվականի գարունն ազատել Բրյուսովի շենքը ու ավարտին հասցնել միավորման գործընթացը. - «Որևէ շենքի ազատման խնդիր որևէ բուհի առջև դրված չէ»:
Նոր ուսումնական տարին արդեն միավորված բուհով սկսելն անիրատեսական համարեց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջյանը:
«Ես չեմ կարծում, որ դա այդքան արագ կլինի, որովհետև ավանդույթներ ունեցող բուհեր են 100 - ամյա Մանկավարժական համալսարանը և 90 - ամյա Բրյուսովի համալսարանը: Մի օրվա գործ չէ, մանրակրկիտ քննարկում պետք է լինի», ասաց ռեկտորը՝ հավելելով՝ անձամբ ինքը նման մանրակրկիտ քննարկման դեռևս չի մասնակցել:
Իսկ կառավարությունը բուհերի միավորման գաղափարից մտադիր չէ հրաժարվել: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը վստահ է՝ որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ դեմ են, քանի որ դեռևս պարզաբանելու, բացատրելու կարիք կա:
«Հնարավոր է, որ դա մեկ օրում տեղի չունենա, մարդկանց էլ է ժամանակ պետք, որ լսեն, հետո ասեն՝ համաձայն են կամ որոշ դեպքերում այլ կարծիք ունենան», - ընդգծեց Խաչատրյանը:
Կառավարությունը 3 տարի առաջ հայտարարեց ակադեմիական քաղաք կառուցելու մտադրության մասին, որն ըստ հայեցակարգի՝ ամբողջ ծավալով պետք է 2030-թվականից գործի: Կրթական քաղաքում մինչև 16 բուհ բուհ կտեղակայվի՝ 8 պետական խոշորացված և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհ:
Շրջանառության մեջ դրված, բայց դեռևս չքննարկված մի օրինագծով՝ լիցենզիայից կզրկվեն 4000-ից պակաս ուսանող ունեցող կրթական հաստատությունները։ Ամենախոցելի վիճակում արվեստի բուհերն են՝ Գեղարվեստի ակադեմիան, Կինոյի և թատրոնի ինստիտուտն ու Կոնսերվատորիան անգամ միասին այդ սահմանային շեմը հաղթահարել չեն կարող։