Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ OECD-ի հետազոտությանը, որը պարզել էր՝ 15 տարեկան հայ դպրոցականները գրագիտությամբ վերջինն են տարածաշրջանում ու վերջիններից մեկն աշխարհում:
91 երկրում անցկացված այս հետազոտությունը ցույց էր տվել՝ հայ աշակերտների միայն 1 տոկոսն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մեկը գերազանց չի եղել բնագիտական առարկաներում: Ընթերցանության ոլորտում էլ՝ կարդում են, բայց, ըստ էության, չեն հասկանում:
Փաշինյանն ասում է՝ եթե որոշ քննադատներ այս մասին իմացել են լուրերից, իրենք սա գիտեին ու հասկանում են. «Ոչ մեկ չի հարցնում՝ էս ինչո՞ւ Հայաստանում 1000 դպրոցի կարիք կա: Ո՞նց կարա 30 տարվա անկախություն ունեցող երկրում 1000 դպրոց կառուցելու կենսական անհրաժեշտություն լինի»:
Կառավարության նիստում այս թեմային մոտ 25 րոպե հատկացվեց. Աշակերտների գրագիտության հարցը ճյուղավորվեց. «Հետո գնում ենք ասում՝ բա բանակում ինչո՞ւ ա սենց: Անգրագիտության պատճառով»:
Անդրադառնալով քննադատներին՝ Փաշինյանը հայտարարեց. «Դուք եք ակադեմիկոսներ, դրա համար միլիարդատեր եք: Մի երկրում, որ Լիսկան [Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը] լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, դասագրքի հեղինակ լինի պարոն Ծառուկյանը, բա ի՞նչ եք ուզում, ձեզ թվում է՝ դա անհետևանք է անցնելո՞ւ»:
Վարչապետը հայտարարեց՝ «տգետ տնօրենները պետք է հեռացվեն աշխատանքից»։
«Դաշնակցականներն ու հանրապետականները տասնյակ տարիներով դպրոցները սարքել էին ընտրակեղծարարության պլատֆորմ, կոռուպցիայի դասավանդման թիվ մեկ աղբյուրն է եղել երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը։ Մինչև էսօր ուսուցիչներ ու տնօրեններ կան, որ այնպիսի գաղափարներ են դասավանդում... տգիտություն են դասավանդում դպրոցներում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
8 տարի Հայաստանի Կառավարությունիը ղեկավարող Փաշինյանի խոսքով՝ կրթական բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրում հատկապես սուր է դպրոցների ու ուսուցիչների պատրաստվածության հարցը: Կառավարությունում ասում են՝ գիտելիքը կիրառական մակարդակի վրա դնելու վրա են հիմա աշխատում, իսկ մինչ նոր չափորոշիչները՝ Հայաստանում կային դպրոցներ, որտեղ քիմիայի ուսուցիչը քիմիայի լաբորատոր սարքեր չեն տեսել:
Միջազգային թեստ տապալած հայ աշակերտներն արդեն նոր չափորոշիչներով են սովորում ու էլ անգիր չեն անում, ըստ նախարարի: Կրթության փորձագետը, սակայն, «Ազատության» հետ զրույցում փաստում է. «Եվ այնպես էլ չի, որ այսօրվա և նախորդ չափորոշիչներն արմատական են տարբերվում, որ նախորդը ուրիշ քիմիա է սովորացնում, նորը՝ ուրիշ»:
Եվ չնայած դպրոցականների գրագիտության մասին այս ցուցանիշի՝ Հայաստանում շարունակում է բարձր մնալ բարձրագույն կրթություն ունեցողների թիվը:
Համաձայն Համաշխարհային բանկի՝ 2023-ին Հայաստանում 25 և ավելի բարձր տարիքի տղամարդկանց շրջանում առնվազն հետմիջնակարգ կրթություն ունեն 48,82 տոկոսը, կանանց՝ 55.46 տոկոսը: