Մատչելիության հղումներ

Մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել այդ համաձայնագիրը. Փաշինյան


Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Կազանում, BRICS+-ի գագաթնաժողով, 24-ը հոկտեմբերի, 2024թ.
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Կազանում, BRICS+-ի գագաթնաժողով, 24-ը հոկտեմբերի, 2024թ.

Այսօրվա դրությամբ համաձայնեցված բովանդակության մեջ համաձայնագրի նախագիծը ձևակերպում, հասցեագրում և լուծում է բոլոր սկզբունքային հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և հարաբերությունները կարգավորելու համար, այսօր Կազանում BRICS+-ի գագաթնաժողովին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել այդ համաձայնագիրը», - հայտարարեց Հայաստանի ղեկավարը՝ նաև շեշտելով, որ սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը փարատում է բոլոր մտահոգությունները և վերացնում բոլոր փաստարկները՝ մայր օրենքի մեջ հարևան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այդ որոշումն արձանագրում է, որ նման մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։

Ադրբեջանը նաև կտրականապես մերժում է համաձայնեցված կետերը ստորագրել, բանակցությունները չհամաձայնեցվածների մասով շարունակելու Երևանի առաջարկը։

XS
SM
MD
LG