Մատչելիության հղումներ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է


Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Բազմահազար մարդիկ այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:

18։15

Անկարան մերժում է «1915 թվականի իրադարձությունների մասին միակողմանի հայտարարությունները»։

17։00

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին օգտագործել է ցեղասպանություն եզրույթը։

14:10

«1915-ի իրադարձություններն» ուսումնասիրող համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը մնում է Անկարայի օրակարգում, հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպանը:

13:12

Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի ու վերանա ժողովրդավարության, օրենքի գերակայության, պետականության և պետությունների ինքնիշխանության ճանաչման ու ազգային ամուր մտածողության շնորհիվ, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու՝ իբրև ինքնիշխան պետություն, որն ի զորու է պաշտպանել սեփական ազգային շահերն իր մտածողությամբ, կրթվածությամբ եւ ստեղծարար աշխատանքով: Ցավը և վիշտը, որոնք կան յուրաքանչյուր հայի սրտում, պետք է վերածվեն մեր ազգային պետականության կենսական շահերի պաշտպանության և սեփական ճակատագրի առջև պատասխանատվության», - նշել է Սիմոնյանը:

13:01

Էրդողանն ասել է, թե «հարգանքով է հիշում Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և իր ցավակցությունն է հայտնում նրանց թոռներին»:

11:27

«Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են», - Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանույել Մակրոնը:

«Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը», - գրել է նա:

11:16

Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարում է՝ չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է:

Հայաստանի ԱԳՆ-ը ընդգծում է՝ 21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. «150 հազարից ավել հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը»։

«Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների բազմաթիվ այլ օրինակները՝ Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով», - ասված է ԱԳՆ տարածած հայտարարությունում:

10:46

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը:

«Այլատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանը և Թուրքիան, որ իրենց կոչում են մեկ ազգ՝ երկու պետություն, այժմ էլ խաղաղասիրական կեղծ թեզերով փորձում են բթացնել միջազգային հանրության զգոնությունը և ավարտին հասցնել անցյալ դարասկզբին սկսած հանցագործությունը՝ հանուն պանթյուրքիզմի իրենց վաղեմի ծրագրի», - նշված է ուղերձում:

Երրորդ նախագահն ընդգծել է՝ «խաղաղություն չի´ կարող լինել պարտադրված նվաստացուցիչ պայմաններով: Դա ավելի շուտ հպատակեցման, ոչ թե խաղաղության ճանապարհ է»:

«Մենք այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը և պահանջում Հայաստանի Հանրապետության կառավարիչներից՝ պետության օրակարգում պահել հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը», - նշել է նա:

Սերժ Սարգսյանն ընդգծել է՝ «Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում» և հավելել. - «Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը»:

10:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

10:02

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդգծել է՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման:

Կաթողիկոսն ընդգծել է՝ «Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»։

«Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։

Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան», - ընդգծել է Գարեգին Բ-ն։

09:19

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ՝ նշելով՝ «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»:

«Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն:

Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու», - նշել է Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է՝ Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար և առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է. - «Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը»:

«Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները:

Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ», - նշել է Փաշինյանը:

Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի դեմ գործադրված ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ` երեկ ջահերով երթ անցկացվեց:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG