Մատչելիության հղումներ

Փաշինյան. Արդարություն հաստատելու օրակարգն այսօր նույնքան հրատապ է, որքան 2018-ին


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

ՀՀ վարչապետի և իր Կառավարության տեսակետից՝ քննչական մարմինների կարողությունների մեծացման ուղղությամբ իրականացված աշխատանքը ներդրում է Հայաստանում արդարություն հաստատելու գործում: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այսօր Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Այո՛, ես հատկապես օգտագործում եմ «արդարություն հաստատել» տերմինաբանությունը երկու առանցքային պատճառով, որովհետև կարծում եմ, որ արդարությունն ինձ և մեր քաղաքական թիմին՝ իշխանության հասցրած ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության առաջնային պահանջներից մեկն է, և երկրորդը՝ ցավոք, մենք չենք կարող ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն արդարության զգացում Հայաստանի Հանրապետությունում», - ընդգծել է Փաշինյանը:

«Ես արդեն վեց տարուց ավելի զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը՝ ասում եմ, որ արդարություն հաստատելու օրակարգն այսօր նույնքան հրատապ է Հայաստանի Հանրապետությունում, որքան հրատապ էր 2018 թվականին կամ 2019 թվականին», - վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Այն պայմանները, որոնք անհրաժեշտ էին, ապահովվել են դատական, դատաիրավական համակարգի, իրավապահ համակարգի համար, որպեսզի լիարժեքորեն ակնկալվի, որ Հայաստանում լինի ուժեղ իրավակարգ, լինի արդարություն և արդարադատություն, ասել է վարչապետը՝ շարունակելով. - «Ըստ էության, ինստիտուցիոնալ կայացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ու նախապայմանները ստեղծել ենք: Եվ հիմա ասում եմ ոչ միայն Կառավարության, ոչ միայն խորհրդարանական մեծամասնության, այլև ասում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից, մենք շատ ժամանակ չունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ներդնելու այն զգացողությունը, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարություն, Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, Հայաստանի Հանրապետությունում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և Հայաստանի Հանրապետությունում օրենքը, օրինականությունը, իրավակարգը, արդարությունը և արդարադատությունն ընդամենը ճառերում հիշատակվող խոսքեր չեն, այլ դրանք իրականություն են և իրողություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG