Մատչելիության հղումներ

Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո միջազգային հանրությունը խաղաղությանն իր աջակցությունն է հայտնում

Լրացված

Հայ-ադրբեջանական բանակցություններից հետո միջազգային հանրությունը խաղաղությանն իր աջակցությունն է հայտնում, նաև՝ Երևանից և Բաքվից ակնկալիքները ձևակերպում:

Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։

Միացյալ Նահանգներից հայտարարում են՝ Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն ասել է՝ հետևում են մամուլի հաղորդագրություններին:

«Թրամփի վարչակազմի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումն ինքնին խոսուն է, կաբինետի հանդիպման ժամանակ արված դիտարկումը ցույց է տալիս, որ սա խաղաղության համար աշխատող վարչակազմ է։ Նրանք կանեն այն, ինչ անհրաժեշտ է և կգնան այնտեղ, ուր պետք է: Այս դիրքորոշումը չի թուլացել։ Դա պայմանավորված է նրանով, որ «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» հանձնառությունն, իհարկե, ընդգրկում է նաև մեզ շրջապատող աշխարհում իրավիճակը», - նշել է Բրյուսը:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Անիտա Հիպերն «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան կրկնել է Բրյուսելի աջակցությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Մենք ողջունել ենք խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը 2025 թվականի մարտին: Սա կարևոր քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության հասնելու ուղղությամբ։ Խրախուսում ենք երկու կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագրի նախագիծը: ԵՄ-ն պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն և փորձագիտական խորհրդատվություն, եթե կողմերը դա խնդրեն», - հայտարարել է Անիտա Հիպերը։

Հաջողված հանդիպում. Փաշինյան-Ալիև բանակցություններն «Ազատության» հարցմանն ի պատասխան հենց այսպես էր գնահատել ԱԳՆ-ն խոսնակ Անի Բադալյանը. - «Հաստատում ենք, որ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ»:

Ադրբեջանցի պաշտոնյաներից գնահատականներ չհնչեցին, բայց պետական լրատվամիջոցները հանդիպմանն անդրադառնալով գրում էին, թե բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցել:

«Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն չի նկատել, որից կեզրահանգեր, թե Բաքուն ուզում է ստորագրել խաղաղության պայմանագիրը: Դրա համար Ալիևի վարչակազմը երկու նախապայման է դրել:

«Այն բոլոր գործոնները, որոնք մի շաբաթ առաջ այս կամ այն չափով խոչընդոտել են պայմանագրի ստորագրմանը, հիմա այդ գործոնները կան, հետևաբար՝ ինձ համար հասկանալի չի, թե ինչու պետք է Ադրբեջանը իր դիրքորոշումը փոխեր», - «Ազատության» հետ զրույցում նշեց Պողոսյանը:

Պաշտոնական տեղեկատվությունը դռնփակ բանակցություններից խիստ կցկտուր էր: Որևէ կոնկրետ համաձայնության մասին չհաղորդվեց, չնայած մոտ հինգ ժամ շարունակված բանակցություններից հետո հայտարարվեց, որ «միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտների» է անդրադարձ եղել:

Մինչդեռ ադրբեջանական պետական լրատվամիջոցներն Աբու Դաբիից փոխանցում էին, թե կողմերը «լուրջ և բովանդակալից քննարկումներ են ունեցել, այդ թվում՝ սահմանազատման, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման շուրջ»:

Հայաստանի ԱԳՆ-ին «Ազատությունը» հարցրել էր՝ հերքո՞ւմ, թե՞ հաստատում են տեղեկությունները, եթե հաստատում են՝ կա՞ պայմանավորվածություն՝ ե՞րբ կարող է նախաստորագրվել հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, ի՞նչ է նշանակում նախաստորագրել, իսկ ստորագրո՞ւմը երբ տեղի կունենա, մանավանդ, որ նախագծի բոլոր կետերը համաձայնեցված են:

Արտգործնախարարության խոսնակը պատասխանել է, որ եթե պաշտոնական հաղորդագրությունից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լիներ, հանրությունն այդ մասին կտեղեկացնեին: Ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», ԱԳՆ-ը օգտագործել է տարածաշրջանային ապաշրջափակում եզրույթը, վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը, այն ՝ ճանապարհները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքներով:

«Դրանից տարբերվող պայմանավորվածություն չկա և չի կարող լինել», - նշել են ԱԳՆ-ից:

Պաշտոնական Երևանը շեշտել է, որ Աբու Դաբիում այս դիրքորոշումն են պաշտպանել, այդ թվում՝ կապուղիների բացման հարցում:

Պաշտոնապես չի հաստատվել, բայց հայ - ադրբեջանական խնդրին հետևող փորձագետները կարծում են՝ Փաշինյան - Ալիև հանդիպման օրակարգի թեմաներից մեկն էլ Երևանին և Բաքվին փոխանցված ապաշրջափակման ամերիկյան առաջարկն էր։ Դրա մանրամասները հայտնի չեն, տեղեկությունը հրապարակած «Քարնեգի» կենտրոնի փոխանցմամբ՝ Վաշինգտոնն առաջարկում է Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան կապուղին պատվիրակել ամերիկյան ընկերության, որն էլ, ըստ էության, կլինի համաձայնագրի երաշխավորը։

Երևանը հայտարարում է՝ դեմ չէ ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության սկզբունքով անցման կազմակերպումը միջազգային ընկերությանը արտապատվիրակելուն։ Հենց վարչապետ Փաշինյանն է հայտարարել, որ երեք տարի առաջ Բաքուն չի համաձայնել սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային և բեռների մաքսային և այլ հսկողությունը փոխադարձության սկզբունքով միջազգային կազմակերպության արտապատվիրակելու հայկական առաջարկին։

Ադրբեջանը անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհ է պահանջում, ուստի երկու հարց առկախված է՝ արդյոք Բաքուն արտապատվիրակելու հարցում մտքափոխվել է և արդյոք ընդունում է, որ իր տարածքում էլ օտարերկրյա ընկերությանը նույն գործառույթները վերապահվեն, այսինքն՝ պահպանվի Երևանի կարևորած փոխադարձության սկզբունքը։

«Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է՝ իրենք ուզում են ստանալ լրիվ արտատարածքային միջանցք, և ամենակարևորը՝ նրանք շտապելու տեղ չունեն», - նշեց Բենիամին Պողոսյանը:

Երեկվա միակ կոնկրետ պայմանավորվածությունը բանակցությունները երկկողմ ձևաչափով շարունակելն էր։

Եվ ահա այս ֆոնին արդեն երկու տարի ապաշրջափակման բանակցություններից դուրս մնացած Ռուսաստանն է իր մասին հիշեցրել։ Փոխարտգործնախարար Գալուզինը Մոսկվայի օժանդակությունն է առաջարկել, այդ թվում՝ ճանապարհների ապաշրջափակման հարցում։

Ռուսական կողմը պատերազմից հետո պնդում էր իր սահմանապահների ներկայությունը Սյունիքի ճանապարհին՝ հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Հայաստանը մեկնաբանում էր, որ ճանապարհի անվտանգության երաշխավորը նույն այդ հայտարարության համաձայն ինքն է, ուստի ռուսների ներկայություն փաստաթուղթը չի ենթադրում։

Ադրբեջանցի փորձագետ Շահին Հաջիևը կարծում է՝ դեմ առ դեմ բանակցություններով կողմերը թոթափել են կախվածությունը Մոսկվայից։

«Ռուսաստանի մասնակցությունը, Մոսկվայի ներգրավվածությունը նվազագույնի է հասցվել, և Հայաստանը արդեն կարող է ազատորեն աշխատել այս ոլորտում, բանակցել, իսկ Բաքուն էլ, օգտվելով ներկա լարվածությունից, հաշվի չի առնում Մոսկվայի շահերը», - ասել է Հաջիևը:

Հայաստանցի փորձագետը չի կարծում, որ Բաքուն ամերիկյան առաջարկին կհամաձայնի Ռուսաստանին հակադրվելու ցանկության պատճառով, իսկ Ամերիկան, կասկածում է, որ Ադրբեջանին կանգնեցրել է երկընտրանքի առաջ՝ կա՛մ ընդունում է ապաշրջափակման իր առաջարկը, կա՛մ ընկնում պատժամիջոցների տակ։

«Նրանք, վստահ եմ, դեռ հույս ունեն ստանալ ամբողջովին չվերահսկվող միջանցք, այսինքն՝ առանց որևէ արտապատվիրակման, և երկրորդ՝ շահագրգռված չեն այստեղ տեսնել ավելի շատ Միացյալ Նահանգներ», - ասաց Բենիամին Պողոսյանը:

XS
SM
MD
LG