Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ»

Լրացված

ԱՄԷ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են Աբու Դաբիում, 10-ը հուլիսի, 2025թ.
ԱՄԷ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են Աբու Դաբիում, 10-ը հուլիսի, 2025թ.

Աբու Դաբիում հինգ ժամ տևած բանակցություններից հետո Երևանն ու Բաքուն որևէ կոնկրետ համաձայնության մասին չեն հաղորդում: Նույնաբովանդակ հաղորդագրությունում կողմերը հայտնել են, թե քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:

Չնայած հանդիպումից առաջ ու դրա ընթացքում միջազգային ու տեղական լրատվամիջոցների դիտակետում երկկողմ օրակարգի մյուս երկու հիմնական թեմաները՝ ապաշրջափակումն ու խաղաղության պայմանագիրն էին, բայց բանակցություններից հետո տարածված պաշտոնական հայտարարությունում միայն սահմանազատման հարցին առանձին անդրադարձ կա:

Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն շեշտել են, որ ամենաարդյունավետ ձևաչափը երկկողմ բանակցությունները են համարում, և պայմանավորվել են շարունակել երկխոսությունը:

«Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:

Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները», - ասված է հաղորդագրությունում:

Թե ինչ մեթոդներով են վստահությունն ամրապնդելու, այդ հարցում չկա կոնկրետություն: Պարզ չէ՝ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի հանձնաժողովներն այլևս սահմանի նոր հատվածի սահմանազատմա՞նն են անցնելու: Տավուշին հարակից չորս գյուղերի վերադարձից հետո, ավելի քան մեկ տարի է՝ սահմանազատման գործընթացը տեղում դոփում է:

Փաշինյան - Ալիև այսօրվա հանդիպման օրակարգը չէր բացահայտվել: Ճանապարհների ապաշրջափակումը, սահմանազատումը, խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև երեք առանձին բանակցությունների թեմա են: Աբու Դաբիում հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների կազմում բոլոր այն պաշտոնյաներն էին, ովքեր այդ բանակցություններին երբևէ մասնակցել են. հայկական կողմից՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայ - թուրքական կարգավորման հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, որն, ի դեպ, հայ - ադրբեջանական եզակի բանակցությունների է մասնակցել:

Ադրբեջանական կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք էին մեկնել արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

Մինչ հայկական որևէ լրատվամիջոց տեղից հանդիպումը չէր լուսաբանում, ադրբեջանականները Աբու Դաբիից փոխանցում էին, թե «լուրջ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի հիմնական ասպեկտների, այդ թվում՝ սահմանազատման, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ»:

Հայաստանի կառավարությունից չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների վերաբերյալ՝ հերքո՞ւմ, թե՞ հաստատում են դրանք, եթե հաստատում են՝ կա՞ պայմանավորվածություն՝ ե՞րբ կարող է նախաստորագրվել հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, ընդհանրապես ի՞նչ է նշանակում նախաստորագրել, իսկ ստորագրո՞ւմը երբ տեղի կունենա, մանավանդ, որ նախագծի բոլոր կետերը համաձայնեցված են:

«Հինգ ժամ բանակցությունների արդյունքով, բնականաբար, բազմաթիվ բաներ են քննարկվել, միգուցե նաև՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց Հայաստանի Հանրապետության ժողովրդին դրա մասին տեղեկություններ չեն տրամադրում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց հատուկ հանձնարարություններով դեսպան, նախկինում հայ - ադրբեջանական բանակցություններին մասնակցած Էդմոն Մարուքյանը, նկատելով՝ լրատվության սղության պայմաններում հայաստանյան լրատվական դաշտում ադրբեջանական մամուլի հրապարակումներն են տարածվում:

«Ադրբեջանական մամուլը պնդում է, որ սկսվել է Զանգեզուրի միջանցքի մասին բավականին կոնստրուկտիվ ..., դա նշանակում է, որ հայկական կողմը, հնարավոր է, իր նախկին կարմիր գծերից որոշակի արդեն պեղումներ ունի, և կարմիր գծերը դարձել են դեղին, հետո ապագայում կարող են դառնալ կանաչ, ինչպես նախկինում է եղել», - ընդգծեց Մարուքյանը:

Այսօրվա բանակցության օրակարգի վերաբերյալ ադրբեջանական մյուս տեղեկատվությունը խաղաղության պայմանագրի նախաստորագրմանն էր վերաբերում:

«Թե Հայաստանի իշխանություններին օդի պես պետք է մի թուղթ՝ ընտրություններից առաջ, իսկ Ադրբեջանը շատ հստակ պայման ունի առաջադրած, որ պետք է Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունի, որի մեջ այս գործող Սահմանադրության նախաբանը՝ չի լինելու նախաբանը, և հետևաբար՝ առանց դրա, նրանք ասում են, որ «չենք կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը»: Բայց քննարկվում է նախաստորագրման հարցը, ենթադրվում է, որ այն կարող է լինել հետևյալ կերպ՝ որ Հայաստանը պարտավորվում է փոխել, ընդունել նոր Սահմանադրություն, և ստորագրված փաստաթուղթը, այդ համաձայնեցված տեքստը կարող է ուժի մեջ մտնել այդ փոփոխությունից հետո», - նշեց հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը:

Նույնը՝ սահմանազատման մասին: Մարուքյանն ասում է՝ հայաստանցիները տեղեկացված լինելու իրավունք ունեն. - «Արդյո՞ք բարձրացվել է Տավուշի օկուպացված տարածքներից Ադրբեջանի դուրս գալու հարցը: Չէ՞ որ Հայաստանը միակողմանիորեն Ադրբեջանին զիջեց այսպես կոչված չորս գյուղեը, որի դիմաց չստացավ Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների ազատագրումը: Հիմա էդ հարցը քննարկվել է՞, թե՞ չի քննարկվել, կարելի՞ է պրես ռելիզում գրել, թե՞ հիմա Հայաստանը ուրիշ բաներ է տալու՝ էլի միակողմանիորեն, ո՞նց իմանանք, ո՞նց ճշտենք էս տեղեկությունը»:

Արդեն բանակցված հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար Ադրբեջանը երկու նախապայման է դնում, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, որում տարածքային պահանջ է տեսնում:

Բայց վերջին շրջանում առավելապես առաջին պլան է մղվել ապաշրջափակման հարցը, որը կողմերի առանցքային տարաձայնություններից է: Ադրբեջանը Սյունիքով դեպի Նախիջևան անխոչընդոտ, առանց ստուգումների կապ է պահանջում՝ ճանապարհի անունը դնելով «Զանգեզուրի միջանցք», Երևանը պնդում է՝ կոմունիկացիաները պետք է լինեն Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո: Նախկինում Ադրբեջանը անգամ պարզվեցված անցման Հայաստանի առաջարկներին դրական չի արձագանքել:

Եվ ահա վերջին օրերին հայտնի դարձավ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման ամերիկյան առաջարկի մասին, որը Երևանին ու Բաքվին, ըստ «Քարնեգի» հիմնադրամի, ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմն է արել մայիսի վերջին:

Վաշինգտոնի մտահղացման համաձայն՝ կապուղին ամերիկյան ընկերության է պատվիրակվելու, որն էլ, ըստ էության, կլինի «համաձայնագրի երաշխավորը»:

Պետդեպարտամենտն այսօր հրաժարվել է մեկնաբանել այս հրապարակումները:

Երևանը հաստատել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային ապաշրջափակման վերաբերյալ միջազգային գործընկերներից առաջարկ եղել է, և դրանց շուրջ կան քննարկումներ:

Բոլոր հայտարարություններում Երևանը փոխադարձության սկզբունքն է շեշտում, ու ամերիկյան առաջարկների դեպքում էլ հարցը հենց դա է՝ արդյոք Երևանի պատրաստակամության պարագայում Բաքուն էլ կհամաձայնի իր տարածքում նույն լիազորություններով օժտել օտարերկրյա ընկերության:

Հենց այց գարնանը վարչապետն իր հոդվածներից մեկում հիշեցրել էր, որ երեք տարի առաջ Բաքուն մերժել է սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային և բեռների մաքսային և այլ հսկողությունը փոխադարձության սկզբունքով միջազգային կազմակերպության արտապատվիրակելու հայկական առաջարկը:

«Մի բան ակնհայտ է, որ Հայաստանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված արդեն իսկ կարմիր գիծը խախտել է իր կողմից, որովհետև էդ կարմիր գիծը նրա մասին էր, որ ճանապարհը պետք է լինի ճանապարհ Հայաստանի սուվերենության շրջանակներում, եթե հիմա քննարկվում է արտապատվիրակում, դա նշանակում է, որ կարմիր գիծը այլևս չկա, գնացել ենք զիջման», - պնդեց Էդմոն Մարուքյանը՝ դրական պատասխանելով հարցին, թե նույնիսկ ինքնիշխանության սկզբունքը պահպանելով արտապատվիրակումը համարում է զիջո՞ւմ. - «Այո, որովհետև զիջումը մեր նախապես հայտարարված կարմիր գծերի խախտում է: Ավելին՝ Հայաստանը դա պարտավորվել էր անել, եթե կլիներ [2020 թվականի] նոյեմբերի 9-ի [հայտարարության] մյուս բոլոր կետերը: Հիմա նոյեմբերի 9-ը չկա, Լեռնային Ղարաբաղը չկա, Արցախի ժողովուրդը փախստական է դարձել, բայց Հայաստանը Ադրբեջանին առաջարկում է ճանապարհ տալ պարզեցված, արտապատվիրակված, ինչ-որ պահնորդական ընկերության միջոցով, չգիտեմ, հազար բան է գնացել առաջարկել: Ինչի՞ համար է առաջարկում, եթե ամբողջ կոնցեպտը փլուզված է, ուրեմն՝ նաև մենք չունենք որևէ ճանապարհ տալու պարտավորություն»:

Փաշինյան - Ալիև հանդիպմանը նախորդել էր Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպումը:

Այսօրվա բանակցություններն, ի դեպ, ողջունել են Մոսկվայից, որը 2023-ից ի վեր դուրս է մնացել հայ - ադրբեջանական ապաշրջափակման քննարկումներից: Կրեմլից խաղաղության պայմանագրի ստորագրման վրա են կենտրոնացել ու հայտարարել՝ կողջունեն հնարավորինս շուտ ստորագրումը:

Աբու Դաբիի հանդիպման ընթացքից մանրամասներ հաղորդող ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ բանակցությունները նախ ընդլայնված կազմով են անցել, ապա՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դեմ առ դեմ են այն շարունակել: Դուրս են եկել ընդմիջմնան, ապա դրանից հետո շարունակել հանդիպումը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG