Անցած չորս տարիներին նպաստառուների «Փարոս» համակարգից օգտվողների թիվը կրճատվել է 30 հազարով՝ 90 հազարից դառնալով 60 հազար: Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու նշեց, որ անապահովության գնահատման նոր համակարգ կներդնեն, որով նպաստառուների ցանկը էլի կկրճատվի: Արդյունքում 16 հազար դրամով կավելանա նպաստի չափը. Կոտայքի ու Սյունիքի մարզերում՝ այս տարվա գարնանը, իսկ մյուս մարզերում՝ հաջորդ տարի:
«Մենք փորձելու ենք փոխել մի ընկալում, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդը չպետք է շարունակական անհուսալիության մեջ մնա, որը նրան հաճախ պահում է աջակցություն, այսինքն՝ անընդհատ աջակցություն, աջակցություն, և մարդու հետ չի տարվում աշխատանք, մենթորություն, որպեսզի ինքը աշխատի և դուրս գա իր այդ քարանձավից», - հայտարարեց Մկրտչյանը:
Եվս 30 հազար մարդու են հաշվառել, որոնք, ըստ նախարարի, աշխատունակ են, ընտանիքներում նրանց խնամքի տակ անձինք չկան, ուստի չպետք է օգտվեն պետության աջակցությունից: Նրանց աշխատանք կառաջարկեն, կուղղորդեն զբաղվածություն գտնել, հրաժարվելու դեպքում կզրկեն նպաստից։
«Մենք դիմումները անապահովության նոր գնահատման ընկալելու ենք որպես աշխատանքի անցնելու հայտադիմում և սկսելու ենք աշխատել նրանց հետ, և քաղաքացիների շարունակական աշխատանքից հրաժարվելը մենք դիտարկելու ենք որպես եկամտի աղբյուր ունենալու դրսևորում: Այսինքն՝ մեր քաղաքացիներին, մենք համարելու ենք, որ իրենք պարենային զամբյուղի չափով առնվազն եկամուտ ունեն, եթե իրենք հրաժարվում են աշխատել, և այդ վերագրումները աճեցնելով՝ հասցնելու ենք սպառողական զամբյուղին և իրենց համակարգից դուրս հանենք», - ասաց նախարարը:
Իսկ ինչպե՞ս աշխատանք գտնեն նպաստառուները հատկապես մարզերում, որտեղ անհամեմատ քիչ են աշխատատեղերը, ու ցածր՝ աշխատավարձերը:
Վանաձորցի 75-ամյա Ֆերդինանտը, որ իր սեփական մեքենան հաճախ տաքսի է դարձնում տուն դատարկ չվերադառնալու համար, ասում է՝ փորձել է, անգամ պահակի աշխատանք չի գտել. - «Աշխատանք չկա: Եթե ուզում ես պահակ ընդունվես, մարզպետը մոտիկ տի ըլի, որ գնաս խոսաս պահակ ընդունեն, մարդ տես ունենա, որ զանգեն՝ գնաս պահակություն անես»:
Մի ուրիշ վանաձորցի՝ Վահե Սարգսյանը, աշխատողների իրավունքների խախտումներից է խոսում: Իր ընտանիքի անդամներից մեկը Վանաձորի կարի ֆաբրիկաներից մեկում է աշխատում: Պնդում է՝ բոլոր ձեռնարկություններում խախտում են աշխատողների իրավունքները՝ օրենքով սահմանված աշխատաժամանակը չեն պահպանում, հավելյալ աշխատանքի դիմաց էլ չեն վարձատրում:
«Մարդիկ գալիս են, ասենք՝ Կառավարությունից, գալիս են պտտվում են՝ էդ օրը ամեն բան լավ ա, վերաբերմունքը շատ ընտիր ա, հենց էդ մարդիկ գնում են՝ մարդկանց պահում են արտաժամ, գումարները չեն վճարում, մարդկանց շաբաթ օրը պահում են, գումարները չեն վճարում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը՝ շարունակելով. - «Էդ մարդուն ոտնահարում են ամեն ձևի, ինչի՞ մասին ա խոսքը»:
Այսօր նախարարն ասում էր՝ աշխատանքային իրավունքների խախտումների համար բողոքները պետք է Աշխատանքի պետական տեսչություն հասնեն: Վանաձորի բնակիչը պնդում է՝ դիմել են, սակայն լուծում չեն ստացել:
«Ու չկա մի հատ պետական մեխանիզմ, որը կգա էդ մարդկանց կսանձի, կասի՝ «գիտե՞ս ինչ կա, դու քո չափը անցնում ես, քո չափի մեջ մնա, սա մարդ ա, որը ունի իրավունքներ, էս պետության քաղաքացի ա»: Ով էլ դիմում ա, ինքը միշտ տուժողի... այսինքն՝ եթե քեզ ինչ-որ բան ձեռ չի տալի, պատասխանը սա ա՝ «գնա ուրիշ գործ փնտրի», - նշում է Վահե Սարգսյանը:
Վանաձորում գործում է երեք խոշոր կարի ֆաբրիկա, որոնք հազարավոր աշխատատեղեր ունեն: Այսօր հրաժարվեցին հարցազրույցից՝ հերքելով քաղաքացու հնչեցրած բողոքները: «Իտեքս» ֆաբրիկայից նշեցին, թե Աշխատանքի տեսչությունը ստուգումներ է անում իրենց մոտ, ավելի ուշ հայտնի կդառնան արդյունքները: Այսօր նախարար Նարեկ Մկրտչյանը նույնպես տեսչական ստուգումների մասին դեռ տվյալներ չուներ:
Ըստ նախարարի՝ արտադրողականությունը բարձրացնելու լավագույն գործիքներից մեկն աշխատաժամանակի կրճատումն է
Կառավարությունը հանրային քննարկման է դրել աշխատաժամանակը մեկ ժամով կրճատելու նախագիծը: Կարծիքները տարբեր են, աշխատողներն ուրախ են, գործատուները՝ դժգոհ: Մկրտչյանն ասում է՝ ուսումնասիրել են տարբեր երկրների փորձն ու եզրակացրել՝ արտադրողականությունը բարձրացնելու լավագույն գործիքներից մեկն աշխատաժամանակի կրճատումն է:
«Անգամ արդունաբերության ոլորտի արտադրողականությունն է բարձրացնում, և այստեղ շատ կարևոր բան կա՝ անձնական կյանքի և աշխատանքի հավասարակշռման հնարավորություն, աշխատանքից բավարարվածության հնարավորություն, սոցիալ-հոգեբանական խնդիրներից խուսափելու հնարավորություն, ինչպես նաև, ևս մեկ անգամ, բավարարվել կատարված սեփական աշխատանքից, որը քեզ հնարավորություն կտա շատ ավելի մոտիվացված աշխատել», - հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Նախարարության տվյալներով՝ Արցախից տեղահանված 25 հազար մարդ Հայաստանում արդեն աշխատանք է գտել: Նախարարը սա համարեց ձեռքբերում: