2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ, հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հունվարի 3-ին «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը կքննարկի ու կգրանցի թեկնածուներին։
Փրայմըրիզի արդյունքով ամենաշատ ձայները հավաքած թեկնածուն կնշանակվի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտանակար և Փաշինյանի ներկայացմամբ՝ մեծ հավանականությամբ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը արտահերթ ընտրություններում, որ տեղի կունենան մարտի վերջին։
Համայնքապետի պաշտոնից Լյուդվիգ Գյուլնազարյանի հրաժարականից հետո այս պաշտոնը թափուր է։ Նա հրաժարական տվեց նոյեմբերի 18-ին՝ Երևանում կատարված սպանության պատճառով։ Ինքն էլ էր դեպքի վայրում եղել ու ոտքից վիրավորվել։ Պնդել է, թե աղմկոտ վիճաբանության հետ կապ չունի։
Համայնքապետի ընտրություններում վարչապետ Փաշինյանի թիմը Փարաքարում պարտվել էր։ Ամենաշատ ձայնը ստացել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Իշխող ուժին համայնքապետի պաշտոնը մեծ դժվարությամբ բաժին հասավ՝ ՔՊ-ն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը միացան ու որոշեցին հերթով կառավարել համայնքը։ Սկզբում Դավիթ Մինասյանը ընտրվեց ու երկուսուկես տարի ղեկավարեց, ապա աթոռը փոխանցեց իշխանական Լյուդվիգ Գյուլնազարյանին, որը հինգ ամիս կառավարեց։ Երկու թեկնածուն էլ պաշտոնից հեռացան քրեական գործերով, բայց շարունակում են ավագանու անդամներ լինել։
Փրայմըրիզի ճանապարհով նաև Գյումրիում այս ամիս համայնքապետի պաշտոնակատար նշանակվեց։