Մատչելիության հղումներ

«Իմ կամքից անկախ հայտնվել եմ մի տեղ ոչ ճիշտ ժամին, ոչ ճիշտ վայրում». Փարաքարի նախկին համայնքապետ


Փարաքարում դեկտեմբերի 11-ին նորից համայնքի ղեկավար են ընտրելու, ավագանու այսօրվա նիստում որոշվեց։

Համայնքապետի պաշտոնավարման ժամկետի մեծ մասն անցել է։ Լյուդվիգ Գյուլնազարյանի հրաժարականից հետո, սակայն, այս պաշտոնը թափուր է։ Նա հրաժարական տվեց մոտ երկու շաբաթ առաջ Երևանում կատարված սպանության պատճառով։ Ինքն էլ էր դեպքի վայրում եղել ու ոտքից վիրավորվել։ Այսօրվա նիստին եկել էր ու պնդեց, թե աղմկոտ վիճաբանության հետ կապ չունի, և որ այնտեղ հայտնվել էր պատահմամբ։

«Այնտեղ կա ավտոլվացման կետ, կա ավտոտեխսպասարկման կետ, որտեղ իմ մեքենան տանում եմ։ Ճիշտ է՝ տերերին ծանոթ եմ, բայց ոչ մի նպատակային այնտեղ հայտնվել, կոնկրետ այդ իրավիճակը ոնց ստեղծվեց, ինչ, ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չեմ տիրապետում, իմ հետ ընդհանրապես կապ չի ունեցել», - հայտարարեց նա։

Մամուլում լուրեր գրվեցին, թե Փարաքարի համայնքապետը գիտակցված է դեպքի վայր գնացել իր ընկերներին պաշտպանելու, որ վեճի մի կողմն են եղել։

«Իմ կամքից անկախ հայտնվել եմ մի տեղ ոչ ճիշտ ժամին, ոչ ճիշտ վայրում։ Ես ոչնչի հետ կապ չունեմ», - հավելեց Լյուդվիգ Գյուլնազարյանը։

Հնարավո՞ր է նորից Լյուդվիգ Գյուլնազարյանին առաջադրեն, որի պաշտոնավարումը ընդհատվեց, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արաքսյա Վարդանյանը չբացառեց։

Այս պահին ընդդիմությունն էլ թեկնածու առաջադրելու որոշում չունի։ Ավագանու «Ապրելու երկիր խմբակցության անդամներն այսօր հրաժարվեցին «Ազատության» հարցերին պատասխանել։ Կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը երեկ ասել էր, թե կողմ են, որ ավագանու նոր ընտրություններ անցկացվեն։

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG