Մատչելիության հղումներ

Պապոյանը զանգահարել է բեռնափոխադրողին, խոստացել քննարկել նրանց խնդիրը


Բեռնափոխադրողների և բեռնատարների վարորդների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց, 15-ը հունվարի, 2026թ.
Բեռնափոխադրողների և բեռնատարների վարորդների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց, 15-ը հունվարի, 2026թ.

Կառավարության առջև բողոքի ակցիայից մեկ շաբաթ անց, բեռնատարների վարորդներից մեկին այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է զանգահարել:

Ի թիվս այլ հարցերի՝ վարորդները դժգոհում էին, թե ի տարբերություն օտարերկրյա բեռնափոխադրողների՝ իրենց հարկերն ավելի բարձր են, հետևաբար՝ չեն կարողանում նրանց նման ցածր գին առաջարկել ու շուկայից դուրս են մնում:

«Ժամը 9-ին զանգ եկավ, վերցրեցի, բա՝ «էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ա», ասեց՝ «շուկայում ինչ որ կատարվում ա, մենք արդեն տեղյակ ենք», ասեց՝ «ես հանդիպում եմ ունենալու տարածքային կառավարման նախարարի հետ, քննարկելու ենք ձեր ոլորտի մասին»: Որը որ էս պահի դրությամբ ինձ բավականացրեց, առաջին հերթին՝ որ հարգեցին, պատասխանեցին, ընթացքն էլ արդեն ընթացքում կտեսնենք», - «Ազատությանը» պատմեց Ալեքսան Հովակիմյանը:

Հովակիմյանն ու գործընկերները մտավախություն ունեն, թե շուտով հայ բեռնափոխադրողներն անգործ կմնան, ու Հայաստան ապրանք կներմուծեն և կարտահանեն միայն օտարերկրացի բեռնափոխադրողները:

«Մենք Վրաստան մտնելուց մուծում ենք 400 դոլար փող, Ռուսաստան գնալ-գալու ճանապարհի փողը, ասենք, էնտեղ բռնում ա 600 դոլար, 500 դոլար, բայց նույն ռուսը, նույն վրացին մտնում ա ստեղ՝ 15 հազար դրամ ա մուծում: Հա, պետական մուծում ա: Մենք էլ մտնում ենք պետական մուծում ենք 400 դոլար՝ թե՛ Վրաստան, թե՛ Ռուսաստան: Իրանք տեղավորվում են դրա հաշվին, կարում են գնան-գան, իսկ մենք չենք կարում: Ասենք՝ ստեղ սալյարկեն 500 դրամ ա, Ռուսաստան 300 դրամ ա ... Մենք չենք տեղավորվում», - մեկ շաբաթ առաջ ակցիայի ժամանակ հայտարարում էին վարորդները:

«Վրացին, կամ էն մյուսը, ռուսը, բելառուսը, իրանք մեզնից 500 դոլար, մինչև 1000 դոլար էլ հնարավոր է էժան բերեն, որովհետև մենք էդ 1000 դոլարը կթողենք Վրաստանում, կթողենք Ռուսաստանում», - ընդգծում էին նրանք:

Վարորդները դեռ սպասում են նաև այս հարցի պատասխանին: Ասում են՝ մեկը մյուսի հետևից ի հայտ են գալիս անհատ լոգիստներ, որոնք էլ համագործակցում են ավելի ցածր գին առաջարկող օտարերկրացի վարորդների հետ: Տարակուսած են՝ այդ ընկերություններին ո՞վ է վերահսկում, արդյո՞ք նրանք էլ են հարկ վճարում, հարցնում էին.

«Զանգում ա պատվիրատուին, արտահանողին, ներմուծողին, առաջարկում ա, որ ինքն էլ մեքենա ունի, ասենք, Մոսկվա քաղաքում: Պատվիրատուին կարող ա գայթակղիչ գին առաջարկի՝ մի փոքր ցածր, որը որ կատարում ա հիմնական լոգիստիկ ընկերությունը, նրանից բեռը վերցնում ա: Մեքենա չկարողանա ճարելու դեպքում՝ էդ գնով, փորձում ա երրորդ երկրի այլ շուկաներից մեքենա փնտրել, որը որ գնում ա շատը ավելի մեր հարևան երկիր՝ Վրաստան: Ու կամաց-կամաց շուկան մեր ձեռքից դուրս ա գալի»:

«Եթե մենք էլ կանխիկ գումար վերցնենք, կարող ենք ցածր գին առաջարկել», - ասում են վարորդներն ու կասկածներ հայտնում, որ այդ լոգիստական ընկերությունները կամ անհատները օտարերկրացի վարորդների հետ հիմնականում մեծ ծավալի կանխիկ շրջանառություն ունեն: Հարցնում են՝ ՊԵԿ-ը գիտի՞, վերահսկո՞ւմ է, թե՞ միայն թոշակառուներին են հորդորում թոշակը չկանխիկացնել ու անկանխիկ գործարքներ անել.

«Անցակետերում հլը քելեք հաշվեք՝ օրվա մեջ 100 հատ բեռնատար ա, խոսքի, մտնում Հայաստան, 99-ը այլ երկրի մեքենաներ են: Մի հատ տեսեք հլը՝ էդ մարդիկ եկան, գնացին էնտեղ դատարկվեցին, էդ կանխիկ փողը առան ու՝ իրանց երկիր: Էդ փողը տեսեք ո՞ւր ա, թե չէ ընկել եք թոշակ... »:

Նախորդ տարի հունվարին, ըստ վարորդների, մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ են հանդիպել ու նաև այս խնդիրները թվարկել:

«Տրանսպորտի նախարարության տիրույթի տակ չի, որովհետև ինքը ավելի շատ շարժի հետ ա կապված, Ֆինանսների նախարարությունը սենց նայում ա մեզ, Էկոնոմիկայի նախարարությունը՝ նույնպես: Չգիտեմ՝ ո՞ւմ տիրույթի տակ ա, ո՞վ պետք ա օգնի: Ու էրկու տարի ա նույն հարցը բարձրացնում ենք, ոչ մեկ չգիտի, մի բառ են ասում՝ շուկա ա: Հասկացանք շուկա ա, բայց շուկան չունի՞ իրա օրենքները», - շեշտում են վարորդները:

Այս բոլոր բողոքները նրանք նամակով հանձնել են վարչապետի աշխատակազմ: Պատասխան են ստացել, որ այն վերահասցեագրվել է Պետեկամուտների կոմիտե և Տարածքային կառավարման նախարարություն: Բեռնափոխադրող Ալեքսան Հովակիմյանն ասաց՝ առայժմ միայն էկոնոմիկայի նախարար Պապոյանից են զանգ ստացել, մյուսներից ոչ զանգ են ստացել, ոչ էլ նամակ:

«Մոտ երկու տարի ա մենք ոնց որ ասած սկսել ենք էս ակցիաները, երևակայի առաջին անգամն ա, որ մեր գործը հասել ա նախարարի, մյուս անգամներում, ինձ թվում ա, շատ ավելի ցածր օղակներից մեր գործը կորչում էր», - նշեց բեռնափոխադրողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG