Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ, հայտնում են ՊՆ-ից:
Նրանք քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ներկա ընթացքին և երկարաժամկետ, ինստիտուցիոնալ ծրագրերի նախաձեռնմանն առնչվող հարցեր։
Պապիկյանն ու Կոլբին վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը՝ «ընդգծելով ԱՄՆ ստանձնած կարևոր դերը տարածաշրջանում կայուն և տևական անվտանգության հաստատման գործընթացում»:
Նրանք խոսել են նաև ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի։
Պապիկյանն ԱՄՆ-ում է աշխատանքային այցով, Վաշինգտոնում մասնակցել է AUSA միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, հանդիպել ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ: Վերջինիս հետ քննարկել էին պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ գործընկերության շրջանակում ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցության նպատակով իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: