Մատչելիության հղումներ

Փամբակ գետում գտան 7-ամյա Նարեի մարմինը, 13-ամյա Նարինեին դեռ որոնում են

Փամբակ գետում անհետանալուց երկու օր անց, այսօր գտան վանաձորցի քույրերից մեկի՝ 7-ամյա Նարեի մարմինը: Նրա ավագ քրոջը՝ 13-ամյա Նարինեին գտնելու փրկարարների ջանքերը դեռ արդյունք չեն տվել:

«Որոնողական աշխատանքները շարունակվում են», - «Ազատությանը» ասաց Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Սերժ Գաբրիելյանը:

Նարեն ու Նարինեն փորձել էին քաղաքի հանդիպակաց թաղամաս հասնել վարարած գետի վրայով: Բայց դեռ խորհրդային տարիներից մնացած շինարարական խողովակը, որ թաղամասի բնակիչների համար հաճախ է ծառայել որպես կամուրջ, անհուսալի էր փոքրիկների համար:

Այսօր Նարեի մարմինը ծառերի արմատների ու քարերի արանքից հանած ջրասուզակ Վահե Մելքոնյանը պատմեց՝ ինչպես է խողովակից մոտ 500 մետր ներքև ջրի տակ շոշափել ու հանկարծ դիպել երեխայի թաթիկին. - «Երեխան ծառերի ու արմատների տակ էր, ընդհանրապես տեսանելիությունն էստեղ զրո է, տեսանելիություն չունենք, գտել եմ շոշափելով, երեխայի թաթիկին կպնելով, շոշափելով եմ գտել»:

«Գետի հոսքը շատ ուժեղ է, աշխատելը շատ բարդ է», - ասաց Մելքոնյանը:

Երկրորդ երեխային գտնելու համար այսօր էլ Վանաձորում աշխատում էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, ջրասուզակներ, կամավորներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Այսօր նաև փրկարարների հոգեբանական ծառայությունն էր Վանաձորում, նրանք օգնություն էին ցուցաբերում ողբերգություն ապրող ընտանիքին, որտեղ մայրն ապրում էր իր հինգ անչափահաս երեխաների հետ: Նարեն ու Նարինեն փորձել էին գետն անցնել սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված կրթական կենտրոն հասնելու համար:

Երրորդ օրն է՝ բաց է մնում հարցը՝ ինչո՞ւ քույրերը ոչ թե մի քիչ վերև հետիոտնային անցումն էին ընտրել կրթական կենտրոն հասնելու համար, այլ վարարած գետի վրայով անցնող խողովակը, որ նախորդ տարիներին տարբեր տարիքի մարդկանց մահվան պատճառ էր դարձել: «Ազատության» հետ զրույցներում տարածքի բնակիչները բազմաթիվ դեպքեր էին հիշել՝ այստեղ այս խողովակը երեք տարեկանից մինչև հասուն տարիքի մարդկանց կյանք է խլել: Անգամ նույն այս շենքի բակում, ուր բնակվում է հերթական ողբերգությունն ապրող այս բազմանդամ ընտանիքը, 6 տարեկան տղայի հիշատակին հուշաղբյուր կա:

Վանաձորի քաղաքապետարանից հայտնեցին, որ վաղն ի վերջո նախատեսում են ապամոնտաժել այս դժբախտություն բերող խողովակը: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանն «Ազատությանն» ասաց՝ պարզել են՝ գետի վրայով անցնող խողովակը տեր չունի:

«Խողովակը ջրմուղին չի պատկանում, այլ կառույցների, գերատեսչությունների հետ փորձել ենք պարզել, և որևէ առնչություն չունեն մյուս կառույցները, և նախաձեռնել ենք՝ ինքներս, մեր ուժերով, այսինքն՝ քաղաքապետարանը իր ուժերով, վաղվա ընթացքում, այսօր կսկսվի աշխատանքը, գուցե հենց առավոտը արդեն տեղափոխված լինի, որպեսզի նման դեպքեր այլևս չունենանք», - ասաց Ավետիքյանը:

Ինչո՞ւ նախորդ դժբախտ դեպքերից հետո տեղի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել այս չարաբաստիկ խողովակը հանելու ուղղությամբ: Այսօր Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել, բայց գոնե առայժմ իրավապահներն այստեղ պաշտոնեական անփութություն կամ անգործություն չեն տեսել, քրեական հոդվածներն այդ մասով չեն:

Իսկ ինչո՞ւ ավելի վաղ չէին ապամոնտաժում այս խողովակը, քաղաքապետարանից ուղիղ պատասխան չունեն:

«Ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ նախկինում քաղաքապետարանը որքանով է տեղյակ եղել դրա գոյության մասին, կամ ինչ-որ քայլեր արվել են, գուցե քաղաքացիները դիմել են, կամ ոչ, բայց անձամբ ես, օրինակ, գոյության մասին դրա չեմ իմացել: Դեպքի մասով էս պահին արագ փորձել ենք արձագանքել և հնարավորինս շուտ լուծում տալ, որպեսզի, կրկնում եմ, նման վատ դրության մեջ այլևս որևէ մեկը չհայտնվի», - ասաց Աստղիկ Ավետիքյանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG