Մատչելիության հղումներ

Արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան կունենա հետևանքներ․ Օվերչուկ


ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան կունենա հետևանքներ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտական փորձագիտական ֆորումում։

«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին, անհնար է, սխալ կլինի, ինչպես ասում են, աչք փակել այն փաստի վրա, որ այսօր այս երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք», - ասել է Օվերչուկը՝ շարունակելով․ - «Պետք է նաև հասկանալ, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի բաներ են, և այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ սերտ կապեր ունենալու շնորհիվ, նույնպես պետք է ընկալվի, որ դա հենց այն գինն է, որ վճարում ենք՝ մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, հետևաբար արտատարածաշրջանային խաղացողների մուտքն այնտեղ, անշուշտ, հետևանքներ կունենա»։

ՌԴ փոխվարչապետը միաժամանակ հավաստիացրել է, թե Ռուսաստանը շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, «լավ եղբայրական հարաբերություններով»։

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ հայերն իսկապես ունեն եվրոպական ձգտումներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»։

Այս տարվա մարտին Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով կոչ արեց եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին աջակցել Երևանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։

Երևանը, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, կարևորել է նաև ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ Հայաստանը «ԵԱՏՄ-ի հետ նույն տնտեսական գոտում է գտնվում, և ՀՀ տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG