Մատչելիության հղումներ

Ով է Հռոմի նոր Պապը, ինչ է հայտնի նրա մասին


Հռոմի նոր Պապը՝ Ռոբերտ Պրևոստը Միացյալ Նահանգներից։ 69-ամյա՝ կարդինալը պապական անունն ընտրեց Լեո։ Երեկ ողջունելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ նա նախ երախտիքի խոսքեր ասաց անցած ամիս մահացած Ֆրանցիսկոս պապին, ապա խոսեց մարդկանց միջև կամուրջներ կառուցելու անհրաժեշտության մասին։

«Մարդիկ Քրիստոսի կարիք ունեն որպես կամուրջ, որով կարող են մոտենալ Աստծուն և նրա սիրուն։ Օգնեք մեզ և թույլ տվեք, որ մենք օգնենք միմյանց կամուրջներ կառուցել», - հայտարարել է նա:

Միացյալ Նահանգներից հոգևորականի՝ Պապի պաշտոնում ընտրվելու լուրին անմիջապես արձագանքեց Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը:

Հռոմի նոր Պապի ընտրության մասին հաղորդվեց երեկ երեկոյան՝ տեղական ժամանակով 18:00-ին, երբ Սիքստինյան կապելլայի տանիքի ծխնելույզից սկսեց սպիտակ ծուխ դուրս գալ։

Կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի լուրը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներն ընդունեցին ուրախությամբ, այդ պահին, ըստ Հռոմի ոստիկանության, մոտ 40 հազար մարդ էր հավաքվել։

Մինչ այդ՝ նախորդող օրերին չորեքշաբթի երեկոյան և հինգշաբթի առավոտյան Սիքստինյան կապելլայի ծխնելույզից երկու անգամ սև ծուխ էր դուրս եկել, ինչը նշանակում էր, որ թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել ստանալ կոնկլավին մասնակցող 133 կարդինալներից առնվազն 89-ի քվեն։

Ինչ է հայտնի Հռոմի նոր Պապի մասին

Կարդինալների ճնշող մեծամասնության աջակցությունը ստացած Հռոմի նոր Պապը Չիկագոյում է ծնվել՝ այդպիսով դառնալով Միացյալ Նահանգներից առաջին հոգևորականը, որը կառաջնորդի 1 միլիարդ 400 միլիոն հետևորդ ունեցող Կաթոլիկ եկեղեցին։

Լեո տասնչորսերորդը կյանքի մեծ մասն անցկացրել է Պերուում՝ որպես միսիոներ, և ունի նաև այդ երկրի քաղաքացիություն։ Նա կարդինալ է դարձել ընդամենը երկու տարի առաջ և չէր համարվում կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հավական թեկնածուներից։

Մամուլը նկատում է, որ Ռոբերտ Պրևոստը հազվադեպ էր շփվում լրագրողների հետ և խուսափում էր հրապարակային ելույթներից։ Միաժամանակ, ըստ Վատիկանին մոտ կանգնած աղբյուրների, նա վայելում էր Ֆրանցիսկոս պապի համակրանքը և նրա որոշմամբ էլ անցած տարիներին գլխավորեց ամբողջ աշխարհում կաթոլիկ քահանաների և եպիսկոպոսների նշանակման համար պատասխանատու գրասենյակը։ Բացի այդ նա ղեկավարում էր Լատինական Ամերիկայի գործերով պապական հանձնաժողովը, մի տարածաշրջան, որն ունի կաթոլիկների ամենամեծ թիվը։

Հռոմում Ռոբերտ Պրևոստը մասնակցել է նաև Ֆրանցիսկոս Պապի առանցքային բարեփոխումներից մեկին՝ երեք կանանց ընդգրկմանը այն կոլեգիայում, որը քվեարկում է Պապի կողմից հաստատման համար առաջադրված եպիսկոպոսների թեկնածություններին։

Լեո պապը հույս է հայտնել, որ իր ընտրությունը կօգնի կաթոլիկ եկեղեցուն լույս բերել «այս աշխարհի մութ գիշերներին»

Ֆրանցիսկոս Պապի մահից հետո քննարկվող հիմնական հարցերից մեկն այն էր, թե արդյոք նրան փոխարինող առաջնորդը կշարունակի՞ նախորդի առաջադիմական, սոցիալական արդարության քաղաքականությունը։

Այսօր իր մասնակցությամբ առաջին պատարագին ելույթ ունենալով՝ Լեո պապը, դիմելով կարդինալներին, հույս է հայտնել, որ իր ընտրությունը կօգնի կաթոլիկ եկեղեցուն լույս բերել «այս աշխարհի մութ գիշերներին»։

«Եկեղեցին պետք է իրեն նույնականացնի իր անդամների սրբությամբ, այլ ոչ թե իր շենքերի վեհությամբ», - ընդգծել է Հռոմի նոր Պապը:

Վատիկանի նոր առաջնորդի այս հայտարարությունը, ըստ մեկնաբանների, վերահաստատել է կարծիքները, որոնց համաձայն, նա մտադիր է շարունակել 266-րդ Պապ Ֆրանցիսկոսի՝ սոցիալական արդարությանն ուղղված քաղաքականությունն ու ավանդույթները։

Լրատվամիջոցները՝ Հռոմի նոր Պապի մասին

Բրիտանական Telegraph թերթի աղբյուրը Վատիկանում նոր Պապին այսպես է բնութագրում․ «Նա ակնհայտ թեկնածուներից չէր, բայց ճանաչում է բոլորին, 30 տարի անցկացրել է միսիոներական առաքելություններում, խոսում է մի քանի լեզուներով: Պերուում անցկացրած տարիները նրան դարձնում են բոլոր ամերիկացի կարդինալներից ամենապակաս «ամերիկացին»: Բայց նա հասկանում է Ամերիկան և կարողանում է խոսել նրա ժողովրդի հետ, ինչը կարևոր է Թրամփի դարաշրջանում»:

Լեո Պապի ընտրությունը նախագահ Թրամփը մեծ պատիվ է համարել Ամերիկայի համար։ Լրավամիջոցները միաժամանակ նկատում են, որ Պրևոստը սոցիական ցանցի իր էջերում ամերիկյան նոր վարչակազմին քննադատել է առնվազն մեկ հարցով՝ միգրանտների քաղաքականության համար։

The New Republic-ը հիշեցնում է ամերիկացի հոգևորականի՝ 2018 թվականի գրառման մասին․ - «Անգամ քրիստոնեությունից հեռու, ամերիկյան կամ/թե բարոյապես արդարացված չէ այն քաղաքականությունը, որը երեխաներին խլում է ծնողներից և բանտ նետում։ Սա արվում է մեր անունից, և այդ ամոթը բոլորինս է»։

Մեկ այլ գրառման մեջ Պրևոստը հռետորական հարց է հնչեցնում՝ արդյոք ԱՄՆ վարչակազմը տեսնում է այն տառապանքները, որ հարուցել է ապօրինի միգրանտների նկատմամբ իր քաղաքականությունը։

Ընդամենը երեք ամիս առաջ էլ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի աղմկահարույց մի հայտարարության էր հակադարձել։ Ամերիկացի պաշտոնյան ասել էր՝ «քրիստոնեական ընկալում կա՝ նախ սիրում ես ընտանիքդ, հետո՝ հարևանիդ, հետո՝ համայնքդ, հետո՝ հայրենակիցներիդ, և միայն դրանից հետո՝ մնացած աշխարհը։ Շատերը ծայրահեղ ձախերի թևից այս ամենը գլխիվայր շուռ են տվել»։

«Ջեյ Դի Վենսը սխալվում է, Հիսուսը մեզ չի խնդրել դասակարգել իր սերը», - գրել էր ապագա Պապը։



XS
SM
MD
LG