Ուզբեկստանում ծնված Գուզալ Խայցիմբետովայի մտքով անգամ չէր անցնի, որ մի օր կյանքը հազարավոր կիլոմետրեր հեռու՝ քրիստոնեական Հայաստանում կշարունակի: Բայց, 9 տարի առաջ հայրենի քաղաքը թողել ու ուղիղ Հայաստան է եկել երկու մանկահասակ երեխաների հետ։ Մերվել է, հայերեն սովորել, սեփական գործն սկսել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ու հարակից գյուղերում:
Այնտեղ նախակրթարան չկար, ինքն է բացել։ Որտեղ անպաշտպան կանայք են կամ հաշմանդամություն ունեցող ընտանիքներ, Գուզալի տեղը գիտեն:
«Տանջվում են, իրավունք չունեն, իրենց ամուսինները թողնում, գնում են, իրենք մի կտոր հացը եթե հիմա կուտեն, չգիտեն՝ իրիկունն ինչ ուտեցնեն երեխաներին», - ասում է նա։
Պատմում է՝ Սպիտակը պատահական է ընտրել, հետո արդեն տեղում պարզել՝ խնդիրներն այստեղ ու իր հարազատ Մանգիտ քաղաքում նույնն են՝ խոպան գնացած ամուսիններ, լուռ, խնդիրների հետ մենակ մնացած կանայք, անպաշտպան երեխաներ:
Ասես՝ իր մասին էին այդ պատմությունները. - «Պապաս շատ ուժեղ տղամարդ է եղել իմ ընտանիքում, ոչ մեկը չեն կարողացել իր աչքի մեջ ուղիղ նայի, մենակ ես եմ եղել, որ կարում էի խոսեմ, ասում էի՝ խի՞ չես հարցնում, թե ես ինչ եմ ուզում։ Պապաս միշտ ջղայնանում էր՝ ո՞նց կարա աղջիկը բան ասի ինձ, «ես ի՞նչ ասել եմ՝ տենց պիտի լինի»։ Ու իմ անձնական ընտանեկան կյանքում էլ եղել է, որ նույնիսկ եթե իմ ասածը ճիշտ է, միշտ կասկածել են, ասել են՝ դու իրավունք չունես։ Եկել եմ Հայաստան, ցավոք այստեղ էլ տեսնում եմ՝ նույնն է»։
Ինքն էլ, ասում է՝ ամուսնու տնից հեռացել է զուտ այն պատճառով, որ սկեսրոջ սրտով չէր, շատ էր խոսում։
Գուզալն իր երկու աղջիկների հետ տեղացիներից շատերի նման 36 տարվա իտալական տնակում է ապրում, տունը փայտի վառարանով տաքացնում, ինչպես իր հարևանները:
Չնայած Ուզբեկստանում էլ բիզնեսներ ունի, ինքն էլ ապահովված է, բայց ասում է՝ ուզում է ուրիշների նման ապրել, օրինակ ծառայել: Իր փոքրիկ, հարմարավետ դարձրած տանն Ուզբեկստանը հիշեցնող անկյուններ ունի: Չի մոռանում ուզբեկական փլավն ու լայնեզր բաժակներով թեյը, որ միշտ սեղանին է:
Գուզալի բարեգործությունների մասին Ուզբեկստանում ընտանիքին հայտնի է դարձել:
Ասում է՝ հայաստանյան պայքարն ու հաջողությունները համոզել են, որ իրեն ընդունեն՝ ինչպես կա, ու իր հետ հաշվի նստեն, անգամ հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա։