Ուկրաինայի ողջ տարածքում գիշերը մի քանի ժամ շարունակ օդային տագնապ է ազդարարված եղել, հայտնում են տեղական իշխանությունները:
Երկրի օդուժը Լվովի մարզում նախազգուշացրել է հրթիռային և անօդաչու հարձակումների մասին։
Լվովի քաղաքապետ Անդրի Սադովին հայտնել է, որ քաղաքի հակաօդային պաշտպանության համակարգերը ակտիվորեն փորձել են հետ մղել նախ անօդաչուների, ապա ռուսական հրթիռների գրոհը։
Առավոտյան ժամը 7:30-ի դրությամբ քաղաքի որոշ հատվածներում հոսանք չի եղել, հասարակական տրանսպորտը դեռ չի գործարկվել։ Սադովին նախազգուշացրել է, որ «փողոց դուրս գալը վտանգավոր է»։
Շաբաթ ուշ երեկոյան Զապորոժիե քաղաքում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս ինը հոգի՝ վիրավորվել, հայտնել է մարզպետ Իվան Ֆեդորովը։
«Բազմաբնակարան շենքեր և մասնավոր տներ են վնասվել, մեքենաներ են այրվել», - ասել է նա:
Տարածքի ավելի քան 73 հազար բաժանորդ մնացել է առանց հոսանքի։